Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում եւ կարեւորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ եւ նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առեւտրատնտեսական ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետը կարեւորել է նաեւ համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ:
Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով եւ համոզմունք հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար եւ նշել, որ կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսեւորել են լավագույն կողմերով ու կարրեւորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, եւ Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր։