Lragir.am-ը գրում է.

Թույլ չենք տա ոտնահարել Սահմանադրությունը, հայտարարում են ՀՀԿ-ականները արտահերթ ընտրությունների համատեքստում: Նրանց մոտիվացիան լիովին հասկանալի է եւ կապված է նեղ խմբակային շահերի հետ: Մյուս կողմից, կյանքը ՀՀԿ-ին ստիպել է հասկանալ Սահմանադրության իրական ուժն ու արժեքը:

Հայկական իրականության մեջ սահմանադրական բանավեճերն առաջին անգամ հայտնվեցին 2003-ի նախագահական ընտրությանը: Դա այն շրջանն էր, երբ իշխանությունն ու պետական լծակները քրեականացվեցին, իշխանության եկավ քրեական օլիգարխիան: Այն ուներ իր ներքին կոշտ «սահմանադրությունը», որով սահմանվում էին քաղաքական ու տնտեսական քվոտաներն ու դրանց խախտումների դեպքում պատիժները: Այդ համակարգն այլ կերպ չէր կարող գոյություն ունենալ:

Այսպիսով, զուգահեռ գործում էր երկու Սահմանադրություն՝ ներքին համակարգայինը, եւ «պետականը», որը դարձավ գործիք հանրության իրավունքներն ու պահանջները չեզոքացնելու համար: Այս սխեման աշխատում էր անխափան, քանի որ հանրությունն ու ընդդիմադիր քաղաքական ուժերը դրան հակադրում էին ինչ որ պատկերացումներ հիմնականում բարոյականության դաշտից:

Հետագայում, Սերժ Սարգսյանի օրոք փորձ արվեց սինթեզել այս երկու «սահմանադրությունները», որով պետք է լիարժեք ինստիտուցիոնալացվեր ու «հավերժացվեր» համակարգի իշխանությունը:

Ներկայում համակարգի մնացորդներն ամուր կառչել են Սահմանադրությունից, ինչը Հայաստանում, որքան էլ տարօրինակ հնչի, Սահմանադրական կարգի հաստատման կարեւոր հանգամանք է: Ով ով, բայց հանցագործներն ավելի խորն են ընկալում օրենքների ուժը:

ՀՀԿ-ի պարագայում կա եւս մեկ, ուշագրավ հանգամանք: Այս, ինչպես նաեւ քրեական օլիգարխիայի այլ խմբավորումների «գաղափարական հենքը» կառուցված էր այն թեզի վրա, որ «ուժն է ծնում իրավունք»: Հիմա թերեւս հասկացան, որ նման հավատամքի պարագայում միշտ էլ կլինի ուժեղից ուժեղը, եւ ոչ թե ուժն է ծնում իրավունք, այլ հակառակը՝ իրավունքն է ծնում ուժ:

ՀՀԿ-ն, պաշտպանելով Սահմանադրությունը, կորցնում է իր գաղափարական հենքը: Դա լիակատար փլուզում է՝ իշխանության լծակների ու գաղափարական հենքի կորուստը:

Երբ հանրությունը գալիս է իրավունքի ուժի գիտակցությանը, պատմության գիրկն են անցնում «ուժն է ծնում իրավունք» հակաժողովրդական հավատամքը կրողները:

Նյութի աղբյուրը` Lragir.am