Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները: Այս մասին, Ուսուցչի օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:
Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:
Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը:
Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ եւ մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու եւ գործելու, առաջնորդ՝ աշխատելու եւ պայքարելու, եւ իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:
Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաեւ գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ:
Սիրելի՛ մանկավարժներ,
Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:
Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ:
Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:
Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին: