Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատա-բժշկական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը: Փորձագետն անց էր կացրել բռնարարքից հետո 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը:

Ըստ այդմ, տուժողի մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխուղեղի վնասվածք, քթոսկրերի կոտրվածք, արյունազեղումներ, արյունահավաք, քերծվածքներ: Մասնավորապես գլխի շրջանում եղած բոլոր վնասվածքներն առանձին-առանձին ու միասին վերցրած առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են եղել և ի վերջո հանգեցրել են մահվան: Մահվան հետ պատճառահետևանքային կապ ունեցող վնասվածքներն ընդհանուր առմամբ 5-ն են եղել, իսկ մահվան հետ պատճառահետևանքային կապ չունեցողները՝ 9:

Ի պատասխան գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Արթուր Դավթյանի հարցի՝ փորձագետը նշեց, որ վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չէին, այլ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ էին, որոնք հանգեցրել էին մահվան:

Փորձագետն ընդգծեց, որ ինքն իրավունք չունի գնահատել Վ.Ավետյանին բուժօգնություն ցույց տված բժիշկների գործողությունները՝ դա կատարվում է բժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ, իսկ ինքը կատարել է դիակի առաջնային դատաբժշկական փորձաքննություն,-գրում է Փաստինֆոն: