ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին՝ Հակոբ Արշակյանին:
Վարչապետը նշեց, որ նոր նախարարը պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն. «Հետագայում պետք է մտածենք այդ պատասխանատվությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը հստակ է ձեւակերպված՝ Հայաստանի Հանրապետությունը ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի, արդյունաբերական երկրի:
Հայաստանում տրանսպորտը եւս պետք է լինի տեխնոլոգիական, 21-րդ դարում սկսած գյուղատնտեսությունից վերջացրած աշխատանքի կազմակերպմամբ, պետք է լինի տեխնոլոգիական»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս ընթացքում երբեմն եղել են դեպքեր, երբ նաեւ նախարարություններում պաուզայի դրսեւորումներ են եղել. «Չեմ ուզում ասել տեղ-տեղ սաբոտաժի տեսքով, բայց պաուզայի դրսեւորումներ եմ տեսնում, երբ ասում են՝ սպասենք տեսնենք, ինչ կլինի: Ես մի անգամ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի ասացի՝ իզուր մի սպասեք, որովհետեւ այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետեւ Հայաստանում ժողովրդի հաղթանական անշրջելի է»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ վերջին միջազգային հարցումների համաձայն՝ հեղափոխությունն ունի 92 տոկոսից ավելի աջակցություն. «Ես կարծում եմ, որ այս փաստը պետք է մեզ բոլորիս հուշի, որ պետք է հին էջից դուրս գանք: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, որոնք չեն ուզում կան չեն կարող հին էջից դուրս գալ՝ մենք իրենց կթողնենք հին էջում եւ կմաղթենք հաջողություն: Հայսստանն իսկապես ազատ ու երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք եւ ոչինչ»:
Փաշինյանն ընդգծեց, որ հանուն դրա իրենք պետք է համախմբեն ողջ ազգի ներուժը. «Մենք չենք ընկնելու մարդկանց մեղադրանքներ ներկայացնենք այն բանի համար, որ ենթադրենք, երկար տարիներ աշխատել են այս կամ այն կառավարության օրոք, այս կամ այն թիմի հետ: Դա բացարձակապես կապ չունի: Առաջնահերությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին»:
Նորանշանակ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ ասաց, որ առաջնահերթ խնդիրների լուծմամբ ու նոր գաղափարներով կշարժվեն առաջ. «Շնորհակալություն վստահության համար, որ ստացել եմ հնարավորություն՝ էլ ավելի մեծ ներդրումով ծառայելու հայրենիքին, մենք աշխատելու ենք նախաձեռնություններ վերցնելու ուղին՝ եւ արդյունավետության գնահատման հստակ սկզբունքներով առաջնորդվելով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարը շատ կարեւոր միտք արտահայտեց նախաձեռնության վերաբերյալ, որովհետեւ իր կարծիքով՝ իրենց թիմը պետք է աշխատի այն տրամաբանությամբ, որ ոչ թե վերեւից գաղափարները կգան, այլ այդ գաղափարները պետք է գեներացվեն եւ´ նախարությունում, եւ´ կից կառույցներում: