Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է ընդհատվի, եւ «Ելք» խմբակցությունը բանակցություններին մշտապես պատրաստ է եղել՝ ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո: Հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Նա կարեւոր է համարում, որ քաղաքական ուժերն առավել հստակ հայտարարեն այն մասին, թե արդյոք մտադիր են վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուին առաջադրել կամ արդյոք համաձայն են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է դեկտեմբերին անցկացվեն: «Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, իհարկե, փաստացի մեքենայություն էր Հայաստանի կառավարության նպատակների դեմ»,- հավելեց նա՝ նկատի ունենալով Խորհրդարանի ընդունած ԱԺ Կանոնակարգ-օրենքում ընդունած լրացումները:


Ընդ որում, ինչպես կարծում է Փաշինյանի կողմնակիցը, Հանրապետական կուսակցությունը առաջիններից մեկը պետք է հստակ պատասխանի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո այդ պաշտոնում իր թեկնածուին առաջադրել, թե ոչ:

Լենա Նազարյանի մեկնաբանմամբ՝ իրենց կողմից, Հայաստանի գործող իշխանությունների կողմից քաղաքական ուժերին ուղղված ոչ մի սպառնալիք չի հնչել, ուղղակի եղել է իրավիճակը սթափ գնահատելու կոչ: «Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք պետք է հասկանան, որ ճոճում են այն նավը, որի մեջ են հենց իրենք: Դա կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ»,- սպառնաց պատգամավորը: