Հայրենիք է վերադարձել ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը Հայաստանի հավաքականի հետ կպատրաստվի Ազգերի լիգայի առաջիկա երկու հանդիպումներին:
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ: Ակնկալիքը միայն հաղթանակն է, մեր հավաքականը վերադարձնենք այնտեղ, որտեղ մեր ժողովուրդը սպասում է: Հույս ունենք, որ բոլորը կգան կաջակցեն, ուժ կտան բոլորիս: Նոր մարզիչի մասին լավ բաներ եմ լսել, հուսով եմ՝ լավ կլինի: Մեր երկրպագուների կարիքը շատ ունենք, նրանց աջակցությունը շատ կարեւոր է»,- ասել է Յուրա Մովսիսյանը հայրենիք վերադառնալուց հետո:
Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ջիբրալթարի (հոկտեմբերի 13-ին) ու Մակեդոնիայի (հոկտեմբերի 16-ին) դեմ Ազգերի լիգայի խաղերին:
Այս հանգստյան օրերին նա «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել էր «Դի Սի Յունայթեդի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղին, որում փոխարինման էր դուրս եկել 73-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբում նորամուտը նշել էր «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» դեմ սեպտեմբերի 23-ին կայացած խաղում, որում փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրի» հաջորդ 2 հանդիպումներին նա չէր մասնակցել:
Յուրա Մովսիսյանը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: