Ռուսաստանը նոր իրավիճակում փորձում է նոր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Նախկին կապերը խզված են Հայաստանում փոփոխությունների եւ Ռուսաստանում ու Ռուսաստանի շուրջ նոր միտումների արդյունքնում:
Մոսկվան չի կարող առաջվա պես աշխատել Հայաստանում իշխած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ եռյակի եւ այսպես կոչված համակարգային ընդդիմության հետ, որն իրականում Հայաստանում ռուսական քաղաքականության պրովայդերն էր:
Հայաստանում իրավիճակը փոխվել է: Այս օրերին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին մասնակցել են 38 երկրների ղեկավարներ: Նիկոլ Փաշինյանը չնայած մշտապես հայտարարում է, որ արտաքին քաղաքականությունում ռեւերսներ չեն լինելու, ընկալվում է Մակրոնի եւ Թրյուդոյի ոճի քաղաքական գործիչ: Պուտինի հետ էլ խոսում է միմյանց ներքին գործերին միջամտելուց հրաժարվելու մասին:
Վերջերս Երեւան ժամանած Կրեմլի էմիսար Կոնստանտին Զատուլինը, ով առաջարկել է Լազարեւյան ակումբ բացել, դժգոհել է, որ այդպես էլ չի կարողացել հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը ժամանակ չուներ. նա Փարիզում էր, հետո վերադարձավ Երեւան, սանձեց խորհրդարանը, ընտրություններ նշանակեց դեկտեմբերի սկզբին, հետո նորից երկու օրով մեկնեց Փարիզ՝ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը մասնակցելու եւ վերադարձավ արդեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, որը Ռուսաստանի ավանդական գործընկերն էր, այդ կուսակցությունն աչքի առաջ փլուզվում է, ապագան մշուշոտ է, ավելին, կուսակցությունը հավակնում է դերի՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտում, բայց ոչ միանշանակ ռուսական վեկտորով: ՀՀԿ-ն առանձնապես ռուսամետ կուսակցություն էլ չի եղել: Կուսակցությունն ավելի շատ ընկալվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության մաս:
Ռուսաստանն սկսել է այլ տարբերակներ փնտրել: «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամները Սերգեյ Նեւերովի գլխավորությամբ Հայաստան են ժամանել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով:
Նեւերովը Ծառուկյանին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել, որը զբաղվելու է միջկուսակցական կապերի ընդլայնմամբ, երիտասարդական ծրագրերով, միջազգային հարթակներում գործընկերության եւ օպերատիվ կապերի կազմակերպման գործով:
Ըստ երեւույթին, Ռուսաստանն այլընտրանք չունի եւ որոշել է խաղադրույք անել Գագիկ Ծառուկյանի վրա՝ որպես ապագա խորհրդարանում սեփական շահերի աջակցի:
Կա եւս մեկ ուղղություն, որտեղ Ռուսաստանը փորձում է շոշափել Հայաստան «վերադառնալու» հնարավորությունը: Դա պաշտպանական համագործակցությունն է: Հայաստանում տեղի են ունենում հայ-ռուսական միացյալ խմբավորման վարժանքները, եւ հրապարակային նշվում է, որ Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում այն ամբողջ բանակի հետ ներգրավվելու է: Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, պատասխանելով միացյալ խմբավորման գործողությունների մասին հարցին, ընդգծել է, որ այն նախատեսված է Հայաստանի, տարածաշրջանի անվտանգության ապահովման համար: Այսինքն, վերաբերում է բոլոր ուղղություններին, որտեղից Հայաստանին կարող է վտանգ սպառնալ:
Մեկ այլ ուղղություն է Ռուսաստանի փորձը՝ վերադառնալ ղարաբաղյան կարգավորում ԱՊՀ եւ այլ պրոռուսական դաշինքների միջոցով: Տաշքենդում տեղի է ունենում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Հանդիպումից առաջ ռուսական Նեզավիսիմայա գազետա թերթը, հղում անելով իր աղբյուրին, ենթադրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կփորձի օգնել Հայաստանին ու Ադրբեջանին օպերատիվ կապ հաստաստել Մոսկվայում կենտրոնի միջոցով: Հանդիպման արդյունքներով նախատեսվում է փաստաթղթեր ստորագրել կապի համատեղ համակարգի զարգացման մասին, նշված է ԱՊՀ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
Թերթը մեջբերում է ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչյովի կարծիքը, ով ասել է. «Մոլդովացի ու ռուս խաղաղապահները կայունություն կապահովեն Մերձդնեստրում: Նույն կերպ կարելի է կայունություն ապահովել Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում: Դրանում կարող են պետք լինել ռուս խաղաղապահներն ու ԱՊՀ այլ երկրներից կապույտ սաղավարտները»:
Ռազմա-դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՌԴ ու Բելառուսի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները ոչ ֆորմալ հանդիպմանը մտադիր են քննարկել նախկին ԽՍՀՄ տարածում սառեցված հակամարտությունների կոլեկտիվ լուծման ուղիները:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am