Երեւանի քաղաքապետարանում, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը (ֆոտոռեպորտաժ):
Հանդիսավոր նիստին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի՝ նիստը վարում էր ավագանու ավագ անդամ Լիլիթ Պիպոյանը: Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդվեց քաղաքապետի լիազորությունները իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, Երեւանի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Համաձայն Երեւանի ավագանու կանոնակարգի 125-րդ կետի՝ Երեւանի քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երեւան քաղաքի թանգարանին: Երեւանի, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն ու Երեւանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը Երեւանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան' հայոց տասներկու մայրաքաղաքների անվանատառերով, հանձնեցին նորընտիր քաղաքապետին:
Հանդիսավոր նիստում ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: