Փետրվարի 11-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին:
Նաիրա Զոհրաբյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ կարեւոր է, որ Հայաստանը հստակեցնի իր վեցամսյա նախագահության ժամանակահատվածի հիմնական գերակայությունները, որպեսզի դրանք լինեն իրապես աշխատող եւ կենսունակ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար դա կարեւոր ժամանակահատված է` ցույց տալու եվրոպական արժեքներին իր հավատարմությունը:
Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունը հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը կարողանում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, իր նավթադոլարներով մթնոլորտ ստեղծել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային կառույցները չկարողանան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի «նավթադոլարային առաջընթացը» կանխելու համար, ապա կկանգնեն լուրջ ճգնաժամի առջեւ:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ: