«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետև ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ:
Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված հուշագիրը իր պտուղներն է տվել: Արդյունքում Մկրտչյանը վերադարձել է աշխատանքի:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նախ մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ: Սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին, անհասանելի էր նաև Արթուր Մկրտչյանի աշխատանքային հեռախոսահամարը: Արարատի մարզպետարանում, կարծես թե, անգործության մթնոլորտ է: Նշենք, որ Արթուր Մկրտչյանը ժամանակին եղել է Հովտաշենի գյուղապետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: