Հրազդանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը բավականին պասիվ է: Թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 3247 քաղաքացի՝ ընտրողների 7 %-ը, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ցածր ցուցանիշ է: Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված է 44154 ընտրող:

Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լեւոն Ստեփանյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սեւակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է:

Նշենք, որ ընտրությունների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

Այսօր Կոտայքի մարզում, բացի Հրազդան քաղաքից համայնքի ղեկավար են ընտրում նաեւ Սոլակ, Արզնի, Գեղաշեն եւ Մրգաշեն համայնքներում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը ինքնաառաջադրվել են, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները: