Ադրբեջանի Միլի Մեջլիսում ինկվիզիցիոն նախագիծ են նախապատրաստում, որը որեւէ սթափ տրամաբանության մեջ  հնարավոր չէ տեղավորել: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում նշել է Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Հատկապես վերջին շրջանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ակտիվորեն ուղիներ է փնտրում՝ մասնակցության իր ձեւաչափը ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ի՞նչ կարող է անել ԵԽԽՎ-ն: Այդ մասին բազմիցս խոսել են մեր Վեհաժողովի,  ԵԽ պաշտոնյաները: Եւ դա առաջին հերթին կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը կարող է լինել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը հակամարտության կարգավորման իր աշխատանքը տանում է երկու հավասարապես կարեւոր ուղղություններով՝ հիմնարար սկզբունքեր եւ  վստահության մթնոլորտի ձեւավորում: Ահա այս երկրորդում է, որ ԵԽԽՎ-ն կարող է իրապես լուրջ դերակատարություն ունենալ, եւ մենք գնահատում ենք թե ԵԽ գլխավոր քարտուղարի, թե մեր Վեհաժողովի նախագահի ջանքերն այս ուղղությամբ: Սակայն, հարգելի գործընկերներ, հարգելի նախագահ, ես ուզում եմ ձեզ տալ շատ պարզ մեկ հարց՝ ի՞նչ վստահության մթնոլորտի մասին կարող է խոսք  լինել, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսում նախապատրաստվում է ինկվիզիցիոն մի նախագիծ, որը որեւէ սթափ տրամաբանության մեջ  հնարավոր չէ տեղավորել: Որեւէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, որ 21-րդ դարում, ԵԽ անդամ երկրի խորհրդարանում կարող են առաջարկել մի  նախագիծ, որը պահանջում է  քրեական  պատասխանատվության  ենթարկել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ շփումներ կունենան Հայաստանի որեւէ կառույցի հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նշյալ նախագծի հոդված 7-ում ասվում է. «Ադրբեջանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր կհամագործակցեն հայաստանյան որեւէ կառույցի, կամ գերատեսչության հետ, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Այս ինկվիզիցիոն շեդեւրի 4-րդ հոդվածը լրջագույն սանկցիաներ է նախատեսում նաեւ օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր, ըստ նախագծի, կհամարձակվեն մտնել, ադրբեջանական բնորոշմամբ, օկուպացված տարածքներ՝ շրջանցելով Ադրբեջանը:

Այո, հարգելի գործընկերներ, սա ստրկատիրական բարքերին հեռավոր հղում չէ, այլ իրականություն, փաստ, որը տեղի է ունենում մեր կողքին, ԵԽ անդամ երկրում: Եւ այսքանից հետո խոսել վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին, ինչը, իհարկե, անչափ կարեւոր է, խոսել անհանդուրժողականության ու այլատյացության մերժման մասին, կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ադրբեջանական նման ֆաշիզմի պարագայում ուղղակի աբսուրդ է:

Ամեն դեպքում ես իմ շնորհակալությունն եմ հայտնում միջազգային բոլոր այն կառույցներին, որոնք փորձում են իրենց կառուցողական մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հասկանալով, որ  հակամարտությունների կարգավորումը հնարավոր է առաջին հերթին վստահության մթնոլորտի, մարդու հիմնարար իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները հարգելու  ճանապարհով»: