Մեր Սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր հոկտեմբերի 27-ին, եւ իրականում ինչ-որ մի բան վերեւից անարդարություն կար մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»,-ասաց պաշտպանության նախարարը։


Նախարարը հավատացած է, որ Հոկտեմբերի 27-ն ի վերջո բացահայտվելու է. «Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվելու է, անկախ նրանից ինչ իշխանություն է, Ժամանակն իր գործն անելու է եւ եթե իրականում եղել են պատվիրատուներ, բացահայտվելու է»,-ասաց նախարարը։

Նշենք, որ «Եռաբլուր» զաինվորական պանթեոնում Դավիթ Տոնոյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ ծաղիկներ դրեց Վազգեն Սարգսյանի շիրիմին։

Այստեղ են մեծ թվով զինվորականներ, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցում Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Նշենք, որ 19 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: