Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարել են կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում, Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է): Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է, սակայն դեռևս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվապահական ձևակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առևտրային բանկերից մեկի հաշվեկշռից և սկսել են հաշվառվել մայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հասնում է մինչև 20%: Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% և 136.1% (նվազագույն սահմանաչափերը` համապատասխանաբար 15% և 60%): Նշենք նաև, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանը տրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաև 2013 թ.-ին: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն