Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ օգտագործում է ներուժն ու հնարավորությունները Եվրոպական միության հետ գործակցության հարցում։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վայոց ձորում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունն իրազեկ է, գնահատում է Եվրամիության հետ գործակցությունը։ Վստահ եմ, որ նոր կառավարության նպատակներից մեկը պետք է լինի, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ ու շահավետ լինի հայ ժողովրդի համար»,- նշել է Սվիտալսկին։


Նրա խոսքով, ԵՄ-ի հետ համագործակցությունը միայն փողի ու ֆինանսերի մասին չէ. «Խոսքն այն մասին է, որ ԵՄ-ն բարեփոխումների համար բիզնես խթաններ առաջարկի: Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի՝ ՀՀ-ի կողմից կիրառվելը կծառայի որպես այս ճանապարհի հիմք: Ես հավատում եմ, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է այս հնարավորությունից»,- ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով, ՀՀ կառավարության առաջանահերթ նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ և հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը ԵՄ-ի հետ. «Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, և փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»:

ԵՄ դեսպանն ընդգծել է, որ թեեւ Հայաստանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների, սակայն, իրենք շարունակում են աշխատանքը ՀՀ կառավարության հետ. «Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանագրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»: