Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատարներից բարիտոն Ժերեմի Դելվեղը մոտ 2 օր է՝ Հայաստանում է: Նա հայերին հայտնի դարձավ ու սիրվեց հոկտեմբերի 5-ին՝ Փարիզում՝ «Հաշմանդամների պալատում», լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հայկական վալսը» կատարելուց հետո: Ավելի վաղ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ժերեմին խոսել էր Հայաստան գալու իր մեծ ցանկության մասին: Այդ նպատակը արագ իրականացավ, եւ ՀԺ-ի հետ զրույցում նա խոսեց այցի մասին:
«Ժամանել եմ շաբաթ գիշերը եւ Ֆրանսիա եմ վերադառնալու չորեքշաբթի առավոտյան: Այսինքն՝ սա շատ արագ եւ պաշտոնական ճանապարհորդություն է: Ինձ հրավիրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, եւ սա մեծ հնարավորություն է ինձ համար. երգելու եմ այսօր եւ վաղը երեկոյան օպերայում: Կատարելու եմ «Հայկական վալսը»: Շատ ուրախ եմ»,- ասաց նա:
Իր նախորդ հարցազրույցում երգիչը պատմել էր՝ ինչ գիտի Հայաստանի մասին: Ընդգծել էր, որ այստեղ հիանալի բնություն ու հուշարձաններ կան: Այս այցի ընթացքում, սակայն ժամանակ չի ունեցել շատ բան տեսնելու. օրակարգը շատ խիտ է՝ հարցազրույցներ ԶԼՄ-ներին, հանդիպումներ պաշտոնյաների հետ՝ պաշտոնական ճաշ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ, լանչ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ: Վաղն էլ, կարծում է, որ գուցե հանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեսարժան վայրերից հասցրել է տեսնել միայն Գառնու հեթանոսական տաճարը, ուր գնացել է Մակունցի հետ:
«Միայն հասցրել եմ Լիլիթ Մակունցի հետ այցելել Գառնի: Այն ապշեցուցիչ էր: Ինձ համար ժամանակ չունեմ, այս երեկո առաջին համերգս է, վաղը նույնպես մի քանի հարցազրույց ունեմ, եւ պետք է նաեւ մի փոքր հանգստանամ, որովհետեւ չորեքշաբթի, երբ Ֆրանսիա վերադառնամ, անմիջապես աշխատանքի եմ անցնելու: Ամեն ինչ շատ արագ է ստացվում, բայց ես հիասթափված չեմ, քանի որ Փարիզից գալուց առաջ էլ գիտեի, որ այսպես է լինելու: Խոստանում եմ, որ նորից եմ այցելելու Հայաստան, թեեւ չեմ կարող ասել՝ երբ դա կլինի»,- ասաց նա:
Ժերեմիին տպավորել է հայերի ջերմ վերաբերմունքը: Նշում է, որ իրեն ճանաչում են փողոցում, խնդրում են սելֆի անել: Նա շատ շնորհակալ է ուշադրության համար: Դա նրան շատ հաճելի է, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է, որ ինքն աստղ չէ, թեեւ իրեն այստեղ այդպես են վերաբերվում:
«Հայերը շատ ջերմ են: Նրանք ինձ այնպես են վերաբերվում, ասես աստղ լինեմ, բայց ինչպես արդեն ասել եմ, աստղ չեմ: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այդ ուշադրությունը, շատ նվերներ եմ ստացել, ինչը շատ հաճելի է: Բայց չեմ կարող պատասխանել բոլորին. ընկերության բազմաթիվ հայտեր ունեմ ֆեյսբուքում, ավելի քան 300 էլեկտրոնային նամակ եմ ստացել այս 2 օրերի ընթացքում, բայց ես մենակ եմ, ինչ-որ աշխատակազմ կամ մամուլի քարտուղար չունեմ (ծիծաղում է): Գիտե՞ք՝ մեծ տարբերություն կա, թե ով եմ ես իրականում, եւ ով եմ ես՝ ըստ մարդկանց (կրկին ծիծաղում է)»,- ասաց նա՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար ու խնդրելով ներողամիտ լինել, որ չի կարողանում բոլորին պատասխանել:
Ժերեմին ելույթ է ունենալու այսօր՝ հոկտեմբերի 29-ին, եւ վաղը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգի ժամանակ: Սկիզբը 19:30-ին է: Տոմսերն արժեն 2000 - 15000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել, օրինակ, toms.am-ից, tomsarkgh.am-ից: Ելույթ են ունենալու նաեւ Հայկ Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Էրիկը, Սեւակ Ամրոյանը, Նաիրա Մանուչարյանը, Աղվան Պապոյանը: Հատուկ հյուրը Վարդան Պետրոսյանն է:
նյութի աղբյուրը՝ Armtimes.com