Ժամանակաչափը, այսպես ասած, միացված է, հայտնի է խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակացույցը, և արդեն պարզ է, որ նոր խորհրդարանում վարչապետի ընտրությունը կլինի դեկտեմբերի 31-ին: Սա, իհարկե, բավական խորհրդանշական է, մյուս կողմից, սակայն, արտահերթ ընտրության շուրջ հանրային քննարկումները ոչ թե խորհրդանշականության, այլ արտահերթ ընտրության քաղաքականության շուրջ են, ընտրության քաղաքական կամ ոչ քաղաքական լինելու շուրջ: Եվ այս առումով, իհարկե, ավելի քան ակնառու է, որ դեկտեմբերի 9-ին սպասվող ընտրությունն ինքնին լինելու է վարչապետի ընտրություն:

Այս տեսանկյունից իրավիճակը հարաբերական է: Մի կողմից վարչապետի ընտրությունը չի կարող չլինել քաղաքական, ինչպես էլ մեկնաբանվի ընտրակարգը կամ մթնոլորտը, մյուս կողմից, իհարկե, ստացվում է, որ խորհրդարան է ընտրվում, սակայն քաղաքական բաղադրիչը այլ տեղում է՝ գործադիր իշխանության ղեկավարի: Առաջին հայացքից այս հակասականությունը, սակայն, արտացոլում է ներկայիս իրավիճակի օբյեկտիվ բնույթը, և միայն այն, այսպես ասած, տրամաբանական, բնականոն և ամբողջական ընթացքով ավարտելու շնորհիվ է հնարավոր անցնել հաջորդ փուլ և ձևավորել արդեն քաղաքական մրցակցության օբյեկտիվ գործընթաց:

Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք ի դեմս նոր խորհրդարանի՝ չենք ունենալու քաղաքական մարմին: Ամենևին: Մենք չենք ունենալու քաղաքական լիարժեք ընտրական գործընթաց, որովհետև այն լինելու է հեղափոխության ավարտական ակտը, սակայն դրանից հետո ունենալու ենք խորհրդարան, որը լինելու է այդ ավարտված կամ ավարտվող հեղափոխության քաղաքական շարունակությունը: Ավելին՝ եթե նոր խորհրդարանը չդառնա դրա քաղաքական շարունակությունը: Եվ դա կապ չունի խորհրդարանում ուժերի հարաբերակցության, արտահերթ ընտրությանը հավաքած տոկոսների հետ: Այստեղ էական նշանակություն ունի այն, թե խորհրդարանի մեծամասնությունն ինչքանով է իր քաղաքական հենարան դիտարկելու հանրությանը և ինչքանով է այդպիսին դիտարկելու իշխանությունը:

Կա ՀՀԿ բացարձակ հաղթանակի օրինակը՝ 2017 թվականին: Այդ վիճակագրությունը ոչ միայն դույզն իսկ չամրացրեց ՀՀԿ իշխանությունը, այլ ավելին՝ արագացրեց դրա փլուզումը: Եթե նոր մեծամասնությունը կրկնի ՀՀԿ սխալը, իսկ դա կարող է արտահայտվել նաև մեկ այլ կերպ՝ ամբողջությամբ հենվել կամ ապավինել Նիկոլ Փաշինյանին, չասել, բայց դիտարկել նրան անփոխարինելի ու մտածել, թե մեծամասնության խնդիրը միայն Փաշինյանի համար քվեարկելն է, ապա հետևանքը այդ մեծամասնության համար պակաս ցավոտ չի լինի, քան ՀՀԿ համար էր: Եվ ավելին՝ գուցե կարող է լինել ավելի ցավոտ:

Ըստ այդմ՝ խորհրդարանի մեծամասնությունը ընտրված լինելով հեղափոխական ընտրությամբ, դատապարտված է լինելու զբաղվել քաղաքականությամբ, ստանձնել իշխանության համար քաղաքական պատասխանատվություն՝ պատմության առաջ պատասխանատվության տակ չմնալու համար: Որովհետև հակառակ դեպքում որևէ քաղաքական մեծամասնություն ՀՀԿ տեղն իշխանության մեջ զբաղեցնելուց հետո, կարող է զբաղեցնել նաև ՀՀԿ տեղը պատմության լուսանցքում:

 Նյութի աղբյուրը՝ 1in.am