«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնի կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար՝ գրելով. «Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը` 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս: Բարեմաղթանքները, արժևորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում` Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ` Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի...կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին: Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ: Ու մեկ էլ տեղեկանում եմ՝ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք:
Խավարի մեջ դուրս եկա այգիս,
Աչքերս կուլ գնացին կոպերիս տակ
Ու հրե արցունքները դեմքս թացեցին
Սիրտս մորմոքած զինվորի ծնողի համար ...
Ծառերս խավարի մեջ ինձանից խռովեցին
Մեր տան դալար չափարից
Չորսը պահապան հրեշտակներ գնացին»:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի ծննդյան 55-րդ տարեդարձն էր:
Պ. Մանուկյանը ծնվել է 1964-ին` Բուժական գյուղում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1990-1991-ին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում, սակայն հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994-ին Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, «Մարդասիրական միջանցք», Քարվաճառ, Մարտակերտի Ասկերանի, և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1993-1996-ին Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999-ին և 2000-2002-ին՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000-ին Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001-ին Ստեփանակերտի զորացրվել է պահեստազոր։
Պավլիկ Մանուկյանն իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի, որոնց լեգիտիմությունը նա չէր ընդունում: