Հայաստանի կեսը «ռուսաստաններում» ու «եվրոպաներում» ա, որովհետև էստեղ աշխատանքային պայմանները արժանապատիվ չեն։ Հա, կարելի ա գտնել աշխատանք, օրը 1-5000 դրամ վարձատրվել ու որևէ կերպ ապրել։ Կարելի էր էդ աշխատանքը գտնել ու ճորտի պես ապրել՝ դիմանալ հաճախ անգրագետ գործատիրոջ հիմարություններին, ոտնձգություններին, ենթարկվել նրա քաղաքական պարտադրանքին, առանց հանգստյան օրերի օրը 15 ժամ աշխատել՝ հակառակ դեպքում հեռացված, «բռնաբարված» ու լքված լինելու հեռանկարը աչքի առաջ ունենալով։
Մարդիկ դա էլ են մերժել, գնում ու Ռուսաստանի պես ոչ այնքան հյուրընկալ երկրում են աշխատում, որ ոչ թե գոյության քարշ տան ու նույնին դատապարտեն սովորելու հնարավորությունից զրկված իրենց սերունդներին, այլ կարողանան երեխաներին աշխարհի բարիքներից զերծ չպահել, կրթության հարցերը հոգալ, ծնողների առողջապահական ծախսերը հոգալ և այլն։ Էս հարցերի պետության պատասխանը 30.000 դրամ նպաստն ա, էն էլ դրա համար էլ ա սերժի ու Նիկոլի շուրթերով մուննաթ գալիս։ Ու մարդիկ կան, որ հիմա էլ են նման պայմաններում աշխատում։ Աշխատում են ու հարստացնում երկրի արդյունքի կեսից ավելին իրենց ձեռքերում կուտակած մի քանի ընտանիքների։ Պետությունը էստեղ էլ թերանում ա՝ սահմանադրությամբ իրեն վերապահված արդար վերաբաշխման ֆունկցիան հանգեցնելով 30.000 դրամ նպաստի, որն էլ հաջողությամբ քթից բերում ա։
Էս ժողովրդին ստեղծագործելու, արարելու ազատություն ու արժանապատիվ վարձատրության հնարավորություն տուր ու նա աշխատելու ա, նենց, ոնց այլ երկրներում ա աշխատում, բարիք ստեղծում, հարստանում ու հարստացնում։ Ապագա Հայաստանում ամեն աշխատելու ունակ մարդ պետք ա արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորություն ունենա ու ամոթ լինի չաշխատելը։ Միաժամանակ, ոչ գործունակ մարդիկ պետք ա գլուխները բարձր քայլեն, քանի որ պետությունը հոգում ա արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքի մասին։