ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավագույն մասնագետներին պետական կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկելու համար մեխանիզմ է ստեղծում:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ.
Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար:
Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ:
Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ:
Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ:
Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով:
Լավ եղեք»: