Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի՝ ամբողջությամբ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, թատրոնի նոր շենքի բացման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Իր ելույթում Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մեր երկրում թատրոնների, թանգարանների, համերգասրահների հաճախելիությունն ավելանա: Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Գավառի թատրոնը հանդիսատեռսի պակաս չի ունենա:
«Ես համոզված եմ, որ մարզպետարանը, քաղաքապետարանը կկազմակերպեն, որ Գեղարքունիքի մարզի բոլոր աշակերտները մի տարվա ընթացքում անպայման մի այց ունենան այս թատրոն: Հույս ունեմ, որ թատրոնի անձնակազմը պատշաճ մակարդակի ներկայացումներ կկազմակերպի, որպեսզի երեխաները սիրով գան այստեղ: Իհարկե, դա պարտադրանքով չի կարելի անել: Թատրոնը պիտի այնպիսի ներկայացումներով հանդես գա, որ երեխաները հերթ կանգնեն, թե ով ավելի շուտ այդ ներկայացումները կնայի: Բոլորիդ շնորհավորում եմ այս փառահեղ իրադարձության կապակցությամբ»,- ասաց Փաշինյանը: