Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, որը մի ժամանակ համագործակցել է Հենրիկ Մխիթարյանի հետ, «Взгляд» պարբերականի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը,-այս մասին գրում է Փաստինֆոն:
«Արդեն որոշ ժամանակ է, ինչ չեմ աշխատում Հենրիկի հետ: Նրա կողքին շատ խորհրդատուներ կան, որոնցից մեկն էլ նրան հուշել է, որ դադարեցնի համագործակցությունը ինձ հետ: Որքան տեղյակ եմ, նրան նույնիսկ արգելել են շփվել ինձ հետ: Գլխի եմ ընկնում, թե ով է ճանապարհից շեղում Հենրիկին: Դա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է, որը վաղուց էր պտտվում Մխիթարյանի շուրջը, եւ, հավանաբար, այնքան լուրջ է կպել գործին, որ Մխիթարյանը խիզախել է ընդհարվել «Շախտյորի» հետ: Ինչի՞ վրա են նրանք հույս դնում: Հավանաբար ցանկանում են այդ կերպ զիջումների մղել «Շախտյորին», որպեսզի ուկրաինական թիմը նրան բաց թողնի «Լիվերպուլ»: Սերգեյ Պալկինը ասում է, որ անգլիացիները չե՞ն կապվել իր հետ: Չգիտեմ, ես բոլորովին այլ տեղեկատվություն ունեմ: Իսկ, առհասարակ, ամեն ինչ կարող է այնպես շրջվել, որ Մխիթարյանը եւ Ռայոլան զղջան «Շախտյորի» հետ նման խաղերի բռնվելու համար»,-նշել է Սելյուկը, որը, հասկանալի է, հետապնդում է սեփական շահերը: Հիշեցնենք միայն, որ Մխիթարյանը սահմանված ժամկետին՝ հունիսի 23-ին, չի ներկայացել Ուկրաինայի չեմպիոնի մարզումային ճամբար: