Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո հա-ախակի դիտարկումների առարկա է արտաքին քաղաքականության շարունակության հարցը: Այդ հարցը գործնականում դիտարկվում է առավելապես ուղղությունների, վեկտորների բալանսի տեսանկյունից՝ Հայաստանը փոխո՞ւմ է կուրսը, թե՞ ոչ:

Այդ առումով նոր իշխանությունը բալանսը պահպանել է, չի դրել Եվրասիական ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու հարց եւ տվել է հիմք խոսելու, գնահատելու, որ արտաքին քաղաքականությունը շարունակվում է:

Ընդ որում, դա էլ իր հերթին նախկին իշխանության ներկայացուցիչներին է տվել տեղեկատվա-քարոզչական հիմք ասելու, թե արտաքին քաղաքականությունը եղել է այնքան լավը, որ նոր իշխանությունը չի հրաժարվել դրանից:

Սակայն դա թերեւս շահարկում է եւ իրավիճակի նենգափոխում, ինչի վկայությունն է օրինակ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը: Թեեւ կան անշուշտ նաեւ այլ, ոչ պակաս հատկանշական օրինակներ, որ արտաքին քաղաքականության շարունակության մասին հավաստիացումերն ու պնդումներն ունեն առավելապես մակերեսային հենք: Այդ իմաստով, թերեւս պետք է ուշադիր լինեն նաեւ նոր իշխանության ներկայացուցիչները, քանի որ նրանց հռետորաբանության եւ շրջանառվող բառապաշարում էլ հաճախ է խոսվում շարունակության մասին:

Բանն այն է, որ արտաքին քաղաքականությունը, եւ քաղաքականությունն ընդհանրապես՝ լոկ ուղղությունները, կուրսը, վեկտորները եւ դրանց բալանսը չէ: Այդ ամենը մակերեսն է, իսկ քաղաքականությունն ինքը բովանդակային երեւույթ է: Օրինակ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է շարունակել մնալ ռուսական վեկտորի գերակայությամբ, բայց բովանդակային առումով կարող է փոփոխության ենթարկվել թե այդ ուղղությունը, թե եվրասիական, թե նաեւ եվրատլանտյան ուղղությունը, ու արտաքին քաղաքականությունն ընդհանրապես:

Գործնականում, հենց դա էլ տեղի է ունենում: Ավելին, եթե չի լինում բովանդակային փոփոխություն արտաքին քաղաքականության մեջ, ապա առաջանում է անգամ թավշյա հեղափոխության ամբողջության եւ լիարժեքության հարց: Այդ առումով սակայն, բարեբախտաբար, արտաքին քաղաքականությունը չի առաջացնում հարցեր եւ Հայաստանի ներքին վերափոխումների գործընթացը արտացոլվում է նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:

Նիկոլ Փաշինյանը չի փոխում վեկտորները եւ բալանսը, նա փոխում է բովանդակությունը, ինչն էլ հենց առաջնային անհրաժեշտությունն է: Նախորդ համակարգի արտաքին քաղաքականության մեխին՝ լռությանը, փոխարինում է լրջությունը՝ բարձրացվող հարցերի եւ դրանց խորության ու տարածականության լրջությունը:

ՀԱՊԿ-ում օրինակ Հայաստանը գլխավոր քարտուղարի խնդրի առիթով դնելով կազմակերպության ռազմա-քաղաքական բլոկային բովանդակության եւ տրամաբանության լինել-չլինելու հարցը, փաստացի բարձրացրել է ընդհանրապես եվրասիական անվտանգության համակարգի հարց: Կամ, ավելի շուտ, Հայաստանն այդ առումով առաջ է քաշել այդ հարցը դեռեւս երկու տարի առաջ բարձրացրած Նուրսուլթան Նազարբաեւի օրակարգի հակակշիռ: Նազարբաեւը երկու տարի առաջ՝ 2016-ի մայիսին առաջ քաշեց եվրասիական՝ պայմանական ասած ԵԱՀԿ ստեղծելու գաղափարը: Այդ իրողությանը անդրադարձել եմ Ղազախստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ը քանդելու հայտ հոդվածում:

Հատկանշական է, որ Նազարբաեւը եվրասիական տարածության պայմանական ԵԱՀԿ ստեղծելու իր գաղափարն առաջ քաշեց ապրիլյան քառօրյա պատերազմից երեք շաբաթ անց, անկասկած տեսնելով Ադրբեջանի ձախողման միջոցով Բաքվի եւ նրա դաշնակիցների, այդ թվում Ղազախստանի համար ստեղծված փակուղին եւ փաստացի առաջարկելով դրանից դուրս գալու ռազմավարություն:

Երեւանը ներկայում ՀԱՊԿ-ում հրահրել է բանավեճ, որը հակակշռում է Բաքվի եւ նրա դաշնակիցների այդ ռազմավարությունը: Առերեւույթ ճգնաժամի միջոցով Հայաստանը նախաձեռնել է առերեսում, որը Բաքվին ու նրա ՀԱՊԿ դաշնակիցներին դրել է բաց իրողությունների առաջ, ստիպելով կամ բացահայտորեն հրաժարվել ՀԱՊԿ-ից, կամ գալ որոշումների, որոնք ՀԱՊԿ-ը կբերեն ռազմա-քաղաքական բլոկային իրական տրամաբանության դաշտ եւ փաստացի կամրագրեն եվրասիական անվտանգության համակարգում այդ կառույցի գերակայությունը, ըստ այդմ այդ համակարգում հայկական գործոնի բացառիկ նշանակությունը՝ առկա իրողությունների եւ այլ հնարավոր գաղափարների նկատմամբ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am