Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթի ընթացքում հավաքվածներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թ. մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, և, որը պսակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ: Երկու օրից այդ քաղաքական փուլն ամփոփվում է, և մենք կարող ենք ասել, որ կատարել ենք ձեր առջև ստանձնած պարտավորությունները»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու է Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով: