Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր տեղեկատվություն հայտնեց քաղաքացիներին:
Նախ, նա անդրադարձավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ունեցվածքին, ապա՝ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարին: «Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի բացումն էր՝ 2014 կամ 2016թ-ին, որը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում:
Իրականում ՀՀ-ում աշխատված կոռուպցիոն փողերը տարել են Կիպրոս պտտել, բերել, էստեղ հյուրանոց կառուցել: Բայց հարցը դա չի: Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Ըստ ամենայնի, նրանք անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել: Մենք պետք ա էդ հյուրանոցը հանենք աճուրդի:
Ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ ու գումարները մուտքագրել բյուջե: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբոր 30 մլն դոլարին, իմ նախորդ ելույթից հետո Սաշիկ Սարգսյանն ասել էր, որ պատրաստ է գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել:
Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել 30 մլն դոլարը վերադարձնել բյուջե»,- ասաց Փաշինյանը:


