Լուծարված Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 28-ին տարածել է հայտարարություն, որտեղ անդրադարձել է Արցախի խնդրին եւ կոչ ուղղել բոլոր քաղաքական ուժերին՝ զերծ մնալ Արցախի խնդրում միմյանց գույների բաժանելուց եւ գալ համաձայնության:
«Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից», ասում է Արա Բաբլոյանը:
Ազգային Ժողովի նախագահը անում է շատ կարեւոր հայտարարություն, որը նաեւ ուղղակի դաժան ապտակ է սեփական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին: Բանն այն է, որ Արցախի հարցի առնչությամբ նախընտրական կրքերը թեժացնում է Հանրապետական կուսակցությունը եւ դրա նախընտրական ցուցակում ներկայացված գործիչները: Նրանք գործնականում անում են հայտարարություններ, որոնք ուղղակի առնչվում են ազգային շահին ու պետական անվտանգությանը:
Մասնավորապես, ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը նախօրեին հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է՝ Արցախ իշխանության դիմաց: Շահնազարյանը հայտարարել էր նաեւ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Արցախի համար ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը:
Իհարկե լավ կլիներ, եթե Արա Բաբլոյանը իրեն պահեր իսկապես Հայաստանի ԱԺ նախագահի՝ թեկուզ լուծարված ԱԺ, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահի նման եւ իրերը կոչեր իրենց անունով եւ կատարեր հասցեական հայտարարություններ: Բայց, քանի որ ամեն ինչ առավել քան հստակ է ու պարզ, նրա հայտարարությունը դարձյալ արժանի է որակվել իբրեւ պատասխանատու եւ համարձակ քայլ, որը կատարում է մասնագիտությամբ բժիշկը, ի տարբերություն մասնագիտությամբ իբրեւ քաղաքական գործիչ ներկայացող կամ համարվող անհատների:
Միեւնույն ժամանակ, Արա Բաբլոյանի հայտարարությունը թերեւս մի փոքր ուշացած է՝ մի քանի ամիս: Որովհետեւ, նախկին իշխող համակարգը, այդ թվում ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ, թավշյա հեղափոխության հենց ընթացքից, եւ հատկապես դրանից հետո, ներառյալ նաեւ Արցախում իրենց որոշ խմբակիցներ, արցախյան հարցը դարձրել են շահարկումների առարկա՝ փորձելով դրանով հարվածել Նիկոլ Փաշինյանին ու թավշյա հեղափոխությանը:
Այդ փորձերը կրկնվել են պարբերաբար, կրելով ազգային անվտանգության սպառնալիքի ակնառու բնույթ եւ միաժամանակ չպարունակելով գործնական, առարկայական որեւէ փաստական հիմք:
Ամենեւին պատահական չէ, որ այդ փորձերը երբեմն բացահայտ, երբեմն անուղղակի, սակայն բավական թափանցիկ քաղաքական եւ քարոզչական աջակցության են արժանացել Ադրբեջանից:
Այդուամենայնիվ, լավ է ուշ, քան երբեք. Արա Բաբլոյանն ուշ է հայտարարում, բայց թերեւս ոչ ուշացած: Եթե իհարկե նախորդ իշխանության շրջանակներում նրա հայտարարությունը կունենա որեւէ նշանակություն:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am