ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ։

Դեպքի առթիվ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է սև արկղը։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։