«Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում «ՀԺ»-ի թղթակիցը նկատել է, որ գնալով ավելի է ամրապնդվում տենդենցը, որ պատգամավորները խուսափում են ԱԺ միջանցքներում միայնակ քայլելուց։ Եվ դա անում են մասնավորապես Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Օրինակ, գեներալիտետը, խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի մասին է, ԱԺ միջանցքներով շրջում է մի ամբողջ «պոլկի» ուղեկցությամբ։ Անգամ իրենց կաբինետից ԱԺ դահլիճ գնալիս է այդ «պոլկը» գեներալներին ուղեկցում։
ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, երբ ցանկանում է դուրս գալ դահլիճից, նստած տեղից աչքով է անում լրագրողների օթյակում նստած իր օգնականին, որ վերջինս մինչ իր դուրս գալն արագ հասնի դահլիճի դռների մոտ, Շարմազանովի առաջ դուռը բացի և նրան դահլիճից ուղեկցի իր աշխատասենյակ։ Անգամ այնպիսի նորելուկ պատգամավորներ, որ որևէ մեկի կողմից լուրջ չեն ընկալվում, օրինակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, միշտ շրջում է իր երկու օգնականների ուղեկցությամբ։ Իր օգնականի ուղեկցությամբ է սկսել շրջել նաև Շմայսը՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսանը։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների թվում է, թե «սվիտայով» շրջելը «վաժնի» տեսք է հաղորդում իրենց, մեծացնում ու բարձրացնում նրանց տեղն ու դերը քաղաքական կյանքում»,– գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։