Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին։

«Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջեւում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք առնվազն որոշ բան հասցրել են անել, ինչն էլ ՀՀ քաղաքացիներին հիմք է տվել վստահության մանդատ տալ։


Անդրադառնալով առաջիկա անելիքներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանցից առաջինը ներդրումների խրախուսումն է. «Առաջինը, իհարկե, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա եւ դա առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա եւ իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները եւ չստեղծել որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար:

Հույս ունեմ, որ որեւէ ազդակ չեմ ստանա որեւէ պաշտոնյայի մասին, որ որեւէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցվում: Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից է, որ ներդրումների եւ տնտեսական գործունեության հետ կապված բյուրոկրատական քաշքաշուկների օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք, հնարովորինս պարզեցնենք ընթացակարգերը: Հետեւաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է եւ բոլոր պոտենցիալ ներդրողների համար շատ արագ պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ»,-ասաց Փաշինյանը: