Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին այս անգամ, պատմեց, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նրա պատմելով, Գորիսի «Հայկոոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձեւակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան եւ Տրդատ» ընկերության անունով: Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը:

Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաեւ Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող եւ խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը` 17 միլիոն դրամով։

Պարոն Հարությունյանը նաեւ պատմեց, որ Գորիսի հյուսիսային մասում էլ Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին` Արցախյան խճուղում, արդեն 18 տարի է գործում է իր եղբոր Սեյրան Խաչատրյանի` Աղալար մականունով, օբյեկտները։

Սյունիքի նախկին մարզպետը սեփականաշնորհել է նաեւ Գորիսի հենց կենտրոնում գտնվող հնագույն պատմամշակութային արժեք ներկայացնող, 1913 թվականին կառուցված մի շինություն, որը նախկինում Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցն էր։ «Երաժշտական դպրոցը հանել են, տարել նախկին մանկապարտեզի շենք եւ այս տարվա փետրվարին ընդամենը 3,5 միլիոն դրամով սեփականաշնորհել են Որոտանի ՀԷԿ-երի համակարգերի վարչության տնօրեն` Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղայի` Սասուն Խաչատրյանի որդու՝ Կարենի անունով: Առաջին հարկի մի փոքր հատված այժմ վարձակալության է տրված «Յունիբանկին» եւ ամսական 800.000 դրամ վարձավճար են ստանում: Շենքը վաճառվել է ավագանու որոշմամբ, քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ղեկավարության ժամանակ...»:

Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով, Գորիսի պատանի ստեղծագործողների տան տարածքում ապօրինի շինարարություն է սկսել Սուրիկ Խաչատրյանի կրտսեր եղբոր` Սերոբ Հոպոպ մականունով Խաչատրյանի որդին` առանց ճարտարապետական նախագծի. «Ում սպանության համար 12 տարի են դատապարտել»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):