«Երբ ՀԱԿ դաշինքում մնացածները որոշեցին «ռեստարտ» անել դաշինքը և ժամանակին ՀԱԿ-ից դուրս եկածներին «տուն վերադառնալու» կոչ արեցին, հայտարարվեց, որ նոր զարգացումներ են սպասվում և ՀԱԿ-ը`անկախ Լ. Տեր-Պետրոսյանի և նրա թիմի ցանկությունից, շարունակելու է գործել: Սակայն, պարզվում է, առ այսօր նոր զարգացումներ չկան, բացի նրանից, որ «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը սառեցրել է անդամակցությունը»: 

Այդ մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Ի դեպ, «ՄԻ-96»-ի նախագահ Ռուբեն Թորոսյանի այն հայտարարության առիթով, թե իրենք չեն սառեցրել հարաբերությունները դաշինքի հետ, Մակեյանը զարմանք է հայտնել: Վերջինս ասել է, որ չի հասկանում երկդիմի վիճակները. իրեն Թորոսյանը դիմել է դաշինքի հավաքներին չմասնակցելու դիմումով, հետևյալ հիմնավորմամբ. «Իրենք ցանկանում են, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը մնա դաշինքին և ոչ թե նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը»: 

«ՄԻ-96»-ը, ըստ Մակեյանի, ավելի ռադիկալ մոտեցումներ ունի և ցանկանում է, որ այն անձիք, ովքեր պատգամավոր են դարձել նախկին ՀՀՇ-ի շնորհիվ`Լևոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյան, մանդատները վայր դնեն: «Մենք գտնում ենք, որ սա անիմաստ քաշքշուկ է, ինչն էլ դարձավ տարաձայնությունների պատճառ»,-ասել է Մակեյանը և հավելել, որ դա իրավական հիմնավորումից զուրկ է: