Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի: Սպասվող փոփոխությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում: Ի՞նչը չէր գոհացնում նախորդ ձևաչափում:


– Հեռուստաընկերությամբ լուրերը կհեռարձակվեն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ՝ սկսած ժամը 13:00-ից: Երեկոյան ժամը 21:00-ին կլինի լուրերի մեծ թողարկումը՝ 60 րոպե տևողությամբ: Կազմակերպվելու են ուղիղ եթերներ, կապեր, միացումներ: Կփորձենք լիարժեք լրատվություն տալ: Իսկ թե ինչը չէր գոհացնում, դա այնքան երևացող էր ողջ հասարակության համար, այդ պատճառով հերթով չեմ թվարկի: Մենք հիմա կփորձենք իրոք հասարակությանը տալ անաչառ, «առանց ակնոցների» լրատվություն:

– Հաղորդավարների ու լրագրողների կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

– Բոլոր հաղորդավարները փոխվելու են, լրագրողական կազմի շատ լուրջ թարմացում է եղել, որովհետև նոր արտադրանք, լրագրողական մտածելակերպ բերելու համար պետք են որոշակի փոփոխություններ և դրանք արվել են:

-Ո՞րն է այդ նոր մտածելակերպը:

– Հանրային հեռուստաընկերության լուրերը սահմանում են այն լրատվական ստանդարտները, որոնք ընդհանուր են երկրի և պետության համար: Այդ պատճառով է այն առանձնանում մնացած բոլոր լուրերից իր պատասխանատվությամբ: Եթե Հանրային լուրերը ազատ են, չի կարող երկրում լինել գրաքննություն: Չեն կարող լինել սև ցուցակներ, մարդիկ, որոնց եթեր չեն հրավիրվում: Չեն կարող լինել փակ թեմաներ, եթե հանրայինում բոլոր թեմաները բաց են: Մենք այս չափանիշն ուզում ենք դնել: Ամենակարևոր փոփոխությունը հենց դա է: Եթե այս չափանիշը լինի հանրայինում, դա նշանակում է՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցներն արդեն կգործեն այդ չափանիշի տակ: Ես կարծում եմ՝ հեղափոխությունից հետո պետք է ամեն ոլորտում այդ փոփոխությունները անել: Հիմա ցանկացած ոլորտ մոդեռնիզացիայի կարիք ունի, և մենք հենց այդպես ենք տեսնում դա մեր ոլորտում: Հիմա դա անելու լավագույն ժամանակն է:

– Ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա եթերում տեսնել այդ փոփոխությունները:

– Երկուշաբթի օրվանից լրատվության բլոկում կլինեն փոփոխությունները, իսկ հաղորդաշարերը եթեր կհեռարձակվեն փետրվարից: Նոր հաղորդումների ու փոփոխությունների ծավալը շատ մեծ է, մենք ուզում ենք, որ ամեն ինչ որակով լինի և նոր հաղորդաշարերը կհեռարձակենք հերթով:

– Հեռուստաընկերության լրատվական բաժնում, բացի նոր հաղորդումների ստեղծումից ու լուրերի ձևաչափից, այլ փոփոխություններ սպասվո՞ւմ են:

– Մենք նաև ակտիվ ենք լինելու շատ սոցիալական ցանցերում: «Ֆեյսբուք»-ի և «Յութուբ»-ի մեր էջերն են արդեն թարմացվում, «Տելեգրամ»-ում ենք մշտապես ակտիվ լինելու: Մենք գրոհելու ենք բոլոր հնարավոր սոցիալական հարթակներում, որպեսզի հնարավորինս հասանելի լինենք քաղաքացուն:

Նորայր Շողիկյան