Yelaket.amի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն է,ով մեզ հետ իր խոհերը կիսեց « աղմկոտ» լռության, կյանքը բազմազան դարձնելու,ժամանակակից աշխարհի թթվածնի և ինքնակործանման հակում ունենալու մասին:
-Ու՞մ կտայիք «մանկության մեջ մոլորված ծերուկ» մականունը:
-Ոչ մեկի չեմ տա այդ մականունը , քանի որ մանկության մեջ չեն մոլորվում , պարզապես չեն բաժանվում մանկությունից , հավատում են Ձմեռ պապին ու բոլոր տարիքներում կյանքը ապրում են ներկապնակի բոլոր երանգներով` երբեք չկորցնելով հեքիաթներ կարդալու , մուլտֆիլմեր ( իսկ այդպիսիք շատ կան) դիտելու ցանկությունը։
-Արդյոք հակադիր կարծիքներից է ծնվում ճշմարտությունը:
-Ամեն ոք «ճշմարտության» յուր չափանիշն ու պատկերացումն ունի,բայց այն բացարձակ է , երբ միակ անքննելի երկնային ճանապարհով է անցնում ու այո , նույնիսկ հակառակ բևեռներում հասունացած կարծիքները անցնելով ՝այդ դժվարին ու ազնվագույն ճանապարհը դառնում է միահուն գետ, մեկ ու միակ պատասխան։ Իսկ ճշմարտությունը լույսից է ծնվում։
-Բոլորն ինքնակործանման հակու՞մ ունեն:
- Լավն է հարցը։ Ինքնակործանման հակում թույլերն ունեն , ազդեցության տակ ընկնողները , կառավարելիները ։Ուժեղները կործանման տանող ճանապարհին հասցնում են ազատություն տալ ներսում ապրող փյունիկին ...
-Ի՞նչն է բազմազան դարձնում մարդու կյանքը:
-Միայն սև ու սպիտակ գույներով չնկարելը։
-Ի՞նչն է մարդու ամենաանաչառ դատավորը:
-Երբ ինքդ քո հանդեպ ազնիվ ես ,պահանջկոտ, երբ հանգիստ նայում ես մարդկանց աչքերին, երբ ինքդ որևէ մեկի չես դատում, հատկապես տգիտության որևէ դրսևորում չի դառնում թիրախավորելու թեմա ու ուղղակի ժպտում ու անցնում ես , հիշելով ,որ ամենաանաչառ , կատարյալ դատավորը երկնքում է ու նրան գոնե մի քիչ նման լինելու համար պետք է սկսել հենց քեզնից ։Լավ կլիներ առհասարակ , որ ամեն մարդ ինքն իրենից սկսեր ու ամենաանաչառ դատավոր նախ լիներ ինքն իր համար։
-Ո՞րն է կյանքի մեծագույն գաղտնիքը:
-Գաղտնիքը ինչի՝ ապրելու՞ , սովորելու՞ ,արարելու՞, սիրելու՞, ստեղծագործելու՞, որովհետև այս ամենն էլ է կյանքը, ինչի՞ գաղտնիքը հատկապես , քանի որ վերը նշված յուրաքանչյուր արար մարդու գաղտնիքն է, թե ինչպե՞ս կապրի, ինչպե՞ս կսովորի, ու՞մ և ինչու՞ կսիրի,ինչպե՞ս ու ի՞նչ կստեղծագործի ...
Կյանքի մեծագույն գաղտնիքը այս ամենը արժանապատվորեն ու նուրբ «չգաղտնիքի» վերածելն է ...
-Կարո՞ղ է լռությունը « աղմկոտ» լինել:
-Ես միշտ «ԱՂՄՈՒԿԸ» հաղթահարում եմ լռությամբ . մաքուր , պարզ , ճապոնական պոեզիայի ու կերպարվեստի մինիմալիզմի պես, Փեթ Մըթինիի «Au Lait»-ի ( լսեք ի դեպ) աղմկոտ լռությամբ։ Ի դեպ ՝ լռությունը կարող է անգամ հաղթանակող լինել։
-Մարդ արարածն ամենից շատ ինչի՞ց է վախենում:
-Մարդը ամենից շատ հենց մարդուց պետք է վախենա։ Շունը երբեք չդավաճանեց:
-Աշխարհում հպարտությունից և սիրուց ուժեղ զգացու՞մ կա:
-Սերն ( Աստված Սեր է) ու հպարտությունը (հպարտությունը մեղք է , գուցե արժանապատվությու՞նը) նույն հարթության մեջ չեն , երկուսն էլ հզոր են , շատ են հզոր , բայց կա մի անքննարկելի ճշմարտություն, որ չափման միավոր չունի։ Երբ ծնող ես դառնում , հանուն զավակիդ կարող ես առանց ետ նայելու անցնել ամեն ինչի վրայով , այդպե'ս է։ Ես մի գերագույն արժեք էլ ունեմ,բայց կլռեմ այդ մասին, պարզապես հավելեմ, որ հանուն այդ արժեքի մեծ , շատ մեծ փորձություններով անցա, անցնում եմ ու անցնելու եմ , միշտ եմ անցնելու ու մինչև կգնամ! Մի բան էլ ասեմ , երբ գիտես իրական սիրո ուժը, դառնում ես անպարտելի , ունես բոլոր հարցերի պատասխանները , խնդիրների լուծումները։
-Կյանքի յուրաքանչյուր տարիքում , երբ ավելի հասունանում ես, հետո իմաստնանում , սերը առաջին է , քանի որ այն, ինչ զգացել ես 15-ում , այլ է 21-ում։ Իսկ կուտ գնալը չհասկացա ։ Այսինքն ՝ կյանքիդ այդ էջը ճղեցիր ու այրեցի՞ր , չի եղե՞լ այն 15- ի առաջին սերը , կամ 21-ում , երբ ավելի հասուն էիր ու ինչ-ինչ սխալներ այլևս չէիր անի։ Չէ իհարկե, ամեն մեկս մի գիրք ենք , մի ճակատագրի պատմություն ու բոլոր կուտերը «մնում են» , «չեն գնում», իսկ սերն էլ , եթե այն նոր է ծնվում , ուրեմն առաջին է։
-Արդյո՞ք բոլորն են սիրո ծուղակում հայտնվում:
-Ես երբեք Սերը ծուղակ չէի համարի։ Սերը սիրուն է , սիրել կարողանալը՝ շնորհ։
- Ինչի՞ կարող է մղել հուսահատ մարդուն անսահման սերը:
-Անսահման ,մեծ սերը հուսահատ մարդու սպեղանին է , թևեր տվողն ու ճանապարհի լուսարձակը։ Օդ է անսահման սերը։Ու անսահման սերը , նաև կարող է մղել անսահման խելահեղությունների ու ախմախությունների։
-Ի՞նչն է ժամանակակից աշխարհի թթվածինը:
-Ժամանակակից աշխարհի թթվածինը ձեռագրով նամակ գրելն է ,վինիլե դիսկեր լսելն է, Վիտտորիո դե Սիկայի ֆիլմերը նայելն է, որևէ ստեղծագործություն ձեռքին բռնած կարդալն է, Մարիա Կալլասի «Դալիլայի» արիան վայելելն է, հողին բոբիկ քայլելն է, Շորժայի ափին լուռ նստելն է...
-Արվեստից «արձակուրդներ» լինու՞մ են:
-Չկա նման բան, ինքդ քեզնից արձակուրդ չես գնա։
-Կնոջ լավագույն տարիքն ՝ ըստ Ձեզ:
Կնոջ լավագույն տարիքն է , երբ նա դեռ 20, 40, 60... տարեկան է , և ո'չ արդեն 20, 40, 60 տարեկան ։ Երբ սիրում ես կյանքը ,երբ 2 0 տարեկան ես ու շատ ամիսներ , ուրեմն տարիքդ միշտ լավագույնն է։
-Սիրային պատմությունը հրաշալի է էկրանին և գրականության մեջ,իսկ կյանքու՞մ...
Սիրո հետ կապված յուրաքանչյուր պատմություն , երեխայի ծնունդից մինչև դրամա, հրաշալի է։ Սերը հենց կյանքն է , որ կա։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: