Ընթացիկ ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանցիները կենտրոնացված կարգով, այսինքն՝ ոչ իրենց դպրոցներում, քննություն կհանձնեն միայն «հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանից տեղեկացանք, որ նախնական որոշմամբ, այդ քննությունը կանցկացվի մայիսի 22-ին:
Այս տարի 9-րդ դասարանն ավարտող աշակերտների թիվը մոտ 32 հազար է, որոնք քննություն կհանձնեն 250 եւ գուցե ավելի քննական կենտրոններում: Դրանց ընտրությունը դեռ ավարտված չէ: Մարզերից չորսում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում, ինչպես նաեւ Երեւանում առայժմ չեն ընտրվել այն ուսումնական հաստատությունները, որոնք հնարավոր կլինի հարմարեցնել որպես քննական կենտրոններ: Նախատեսվում է այդ աշխատանքները ավարտին հասցնել հնարավորինս շուտ, որովհետեւ հաջորդիվ պետք է կազմակերպվի քննությունների կազմակերպիչների, համակարգչային մասնագետների վերապատրաստման գործընթացը: