«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները որքան շատ են խոսում այդ գործից, այնքան ավելի անհարմար դրության մեջ են դնում իրենց պաշտպանյալին:

Երեկ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ին բանակը ներքաղաքական հարցերում ներգրավելու մեղադրանքներին, հայտարարել է. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական, կառավարական շենքերը Մարտի 1-ի երեկոյան, իսկ ցերեկը նրանք կանգնած են եղել, ոչինչ, որևէ գործողություն չեն արել»: Դիտարկմանը, թե ֆիլմում կադրեր կային, որ Մարտի 1-ի առավոտյան ժամերին տանկերը կանգնած էին, Սահակյանը արձագանքեց, որ դրանք պարզապես կանգնած են եղել:

Միայն այն հանգամանքը, որ զորքը, զինտեխնիկան մայրաքաղաքում «կանգնած են եղել», ինքնըստինքյան վկայում են բանակը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մասին, մանավանդ որ արտակարգ դրություն ՀՀ-ում հայտարարվել է բավական ուշ, իսկ ԱԺ հատուկ նիստը գումարվել է մարտի 2-ին` ժամը 00.25-ին: Համենայնդեպս, հազիվ թե այդ օրը տանկիստները միահամուռ որոշած լինեին Երևանում «ֆլեշ-մոբ» կազմակերպել, դուրս գալ զբոսանքի ու պարզապես կանգնել մայրաքաղաքի կենտրոնում: Իսկ եթե նրանք զորամասից դուրս են եկել ու հայտնվել փողոցում, ուրեմն եղել է համապատասխան հրահանգ, ուրեմն բանակը ներգրավել են քաղաքական գործընթացներում:

Մեկ փաստ էլ. երեկ Սահակյանը նաև նշել է, թե սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել է ոչ թե իր պաշտպանյալը, այլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները: Միայն թե զարմանալի է` այդ դեպքում ինչու 10 տարի շարունակ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն էր, ում թեկնածությունը պաշտպանում էր Քոչարյանը: Ավելին` եթե առաջին նախագահն էր փորձել սահմանադրական կարգը տապալել, ինչո՞ւ դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հարուցված քրեական գործով որևէ մեղադրանք չառաջադրվեց անձամբ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ ՀՀ ՊՆ երկու փոխնախարարներին՝ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին, որոնք, ըստ պաշտպանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակիցներն են եղել, դեռ ավելին՝ երկու զինվորականներն ինչո՞ւ անմիջապես պաշտոնանկ չարվեցին պետության դեմ հանցագործության փորձի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: