«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար ենք ասել՝ մի փորձարկեք գնացքներն ամրության առումով. իրանք ամուր են, ծանր են ու արդեն արագընթաց: Մի արեք տենց բան, ուղակի մի արեք:
Մարտի 1-ին՝ ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Ավտոմեքենայի վարորդը չէր արձագանքում էլեկտրագնացքի բազմաթիվ զգուշացնող ձայնային ազդանշաններին:
Հետագայում վարորդը բացատրեց, որ փորձում էր հատել գծերը չթույլատրված վայրում: Արտակարգ արգելակման ժամանակ գնացքի արագությունը կազմում էր 83 կմ/ժ (տվյալ հատվածում թույլատրվող արագությունը կազմում է մինչև 90 կմ/ժ), արգելակման ուղին կազմեց 393 մետր: Չնայած արգելակմանը՝ բախումն անխուսափելի էր: Արդյունքում ՀԿԵ-ին հասցվել է նյութական վնաս, որի չափն այս պահին ճշտվում է: Պատահարի կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին կրկին հիշեցնում է, որ երկաթուղին հանդիսանում է վտանգավոր գոտի և կոչ է անում լինել առավել ուշադիր և զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Անփույթ վարորդի կամ հետիոտնի համար հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել: Արտակարգ արգելակման դեպքում ուղևորատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ առավելագույնը 1 կմ»: