Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է ֆրանսիական «Ռենի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մասին:
«Մենք շատ պահանջկոտ ենք ինքներս մեր հանդեպ: Մեր ֆուտբոլիստները ցանկանում են մեծ խաղերի մասնակցել ուժեղագույն մրցակիցների հետ: Երբեմն մեզ համար բարդ է հասնել ցանկալի արդյունքի, ինչպես եղավ ԲԱՏԷ-ի դեմ խաղում:
Դարձյալ պարտվել ենք առաջին խաղում, այժմ մեզ սպասվում է ծանր հանդիպում: Ինքներս ենք մեզանից պահանջում լավագույն խաղ ու աշխատանք հանդիպումներում եւ մարզումներին: Հուսով ենք, որ երկրպագուական աջակցությունը կլինի 90 րոպեի ընթացքում: «Արսենալը» պետք է խաղա ամենաբարձր մակարդակում, որպեսզի անցնի հաջորդ փուլ: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը եւ ընդունել ճիշտ որոշումներ:
Չեմ մտածում այն մասին, որ բոլորը ֆավորիտ են համարում «Արսենալին»: Պարզապես ցանկանում եմ, որ ցուցադրենք շատ բարձր մակարդակի ֆուտբոլ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Four-Four-Two-ն:
Հիշեցնենք, որ «Արսենալ» - «Ռեն» հանդիպումը կկայանա մարտի 14-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Ֆրանսիայում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել է 1:3 հաշվով: