«Ընտրությունների ավարտից հետո, երբ արդեն իրենց ցանկալի թվերը գրանցած կլինեն, իսկ միջազգային դիտորդները հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ից հետո ինձ մեղադրանք կներակայացնեն և կձերբակալեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Վերջինս լրագրողներին մանրամասն ներկայացրեց, թե ինչ կապ է ունեցել Պարույր Հայրիկյանի գործով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի հետ:

Էպոսագետի խոսքերով ձերբակալվածներն անհավասարակշիռ անձնավորություններ են, որոնք ամեն պահի կարող են գրել այն ինչ ցանկանում են: Հետո Վարդան Սեդրակյանը պահանջեց ԱԱԾ-ից հայտարարությամբ հանդես գալ. «Կամ թող մեղադրանք ներկայացնեն ինձ, կամ թող հերքեն իմ կապն այդ մարդկանց հետ: Ես երկուսին էլ պատրաստ եմ»:

Վարդան Սեդրակյանի խոսքերով ԶԼՄ-ները իրեն դարձրել են «տեռորիստի» կերպար. «Ստեղծվում է ֆոն, թե ում կողմից, չեմ կարող ասել, բայց ինձ համար անբարենպաստ ֆոն են ստեղծում:Այստեղ նպատակ կա, նրանք հանրությանը նախապատրաստում են, որ ընտրություններից հետո Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալեն ինձ»,-իր խոսքում նշեց Վարդան Սեդրակյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն հերքեց, որ երբևէ կապ է ունեցել Նաիրի Հունանյանի խմբի հետ: