Շաբաթ օրը Մասիսի ավտոկայանում կայանված մեքենայում բռկված հրդեհի հետեւանքով մարմնի 40 տոկոսի այրվածքներ ստացած 12 տարեկան աղջկա պատմությունը մեր օրերի ողբերգական պատմություններից է։ Գիշերը մեքենայում քնած երեխան ծանր այրվածքներ է ստացել եւ այժմ բուժվում է այրվածքաբանության կենտրոնում, եւ հայտնի չէ՝ հնարավոր կլինի՞ նրան փրկել, թե՞ ոչ։
Մամուլը գրել էր, որ երեխաներն անօթեւան են, դրա համար են գիշերել մեքենայում։ Արարատի մարզպետարանից մեզ ասել էին, որ երեխաներն անօթեւան չեն, այլ ԴԱՀԿ-ի կողմից ընտանիքը վտարվել է բնակարանից, եւ այն բռնագրավվել է պարտքի դիմաց։ Նրանց ժամանակավոր կացարան են տրամադրել, եւ քանի որ հասցրած չեն եղել իրերն ամբողջությամբ տեղափոխել, գիշերելիս են եղել հարեւանի տանը։ Աղջիկը վիճել է հարեւանի երեխայի հետ եւ գնացել մեքենայում քնելու՝ եղբոր հետ, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել։ Իսկ ինչպե՞ս է 5 մանկահասակ երեխաներով ընտանիքը հայտնվել փողոցում։
Ինչպես պատասխանեցին Հարկադիր կատարման ծառայությունից՝ ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի Մասիսի բաժանմունքում հարուցվել են երկու կատարողական վարույթներ․ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.06.2013թ.-ին տրված թիվ 0541/02/13 կատարողական թերթի համաձայն՝ Լիդա եւ Վրեժ Ղազարյաններից համապարտության կարգով, հօգուտ «Նվեր» ՍՊ ընկերության, պետք է բռնագանձել 1 մլն 268 հազար 100 ՀՀ դրամ գումար: Լիդա Ղազարյանն ընտանիքի մայրն է, իսկ Վրեժ Ղազարյանը՝ ավագ որդին։
Datalex.am տեղեկատվական համակարգում գտանք, որ մինչ ընտանիքը ԼՂ դատարանի ու ԴԱՀԿ-ի հետ խնդիրներ է ունեցել, Լիդա Ղազարյանն ու նրա ամուսինը՝ Կամո Մեժլումյանը, 300 հազար դրամի վարկ են վերցրել «Ֆինկա» վարկային կազմակերպությունից։ Ընտանիքը չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, եւ 2016-ի հուլիսի 3-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Ս․ Սահակյանի, դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինկա»-ի՝ ընդդեմ Կամո Մեժլումյանի եւ Լիդա Ղազարյանի (անօթեւան մնացած երեխայի հայրն ու մայրը), գումարի բռնագանձման մասին, վճռել է բավարարել վարկային կազմակերպության հայցը եւ բազմանդամ ընտանիքից բռնագրավել 230 հազար 21 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքի հայրն ու մայրը «Ֆինկա»-ից գումար էին վերցրել տարեկան 24 տոկոս դրույքաչափով։
Պայմանագրով՝ պատասխանողների կողմից հետվճարման պայմանները խախտելու դեպքում վերջիններս համապարտության կարգով հայցվորին պետք է վճարեին տույժ՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ վճարման ենթակա վարկի մայր գումարի տոկոսների գումարի եւ սպասարկման վճարի 1 տոկոսի չափով: Ընտանիքն իր վարկային պարտավորությունները կատարել է մասնակի, եւ այս տարվա մարտի 14-ին պարտքի դիմաց 6 երեխա ունեցող 8 հոգանոց բազմանդամ ընտանիքը հայտնվել է փողոցում։ Լիդա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ վտարման որոշումը ղարաբաղյան հայցով է, ոչ թե «Ֆինկայի»։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ընտանիքին տրամադրել էր խղճուկ մի կացարան, ուր ընտանիքը դեռ չէր տեղափոխվել՝ գերադասելով քնել հարեւանի տանը։ Քաղաքացիական եւ պայմանագրային հարաբերությունների գծով դատական վեճերում մասնագիտացած փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հակված չէ կատարվածի մեղքը բերել-կապել ԴԱՀԿ ծառայության հետ։ Փաստաբանն ասում է՝ ամեն դեպքում, իրավական հարաբերություն է, որում սուբյեկտն ինքնուրույն կամք է դրսեւորել, եւ այդ դեպքում հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է կատարեր իր գործը։ Այլ բան է, թե ինչու օրենքը նման ընտանիքներին չի պաշտպանում նման ողբերգություններից։ Ըստ Գյոզալյանի՝ այստեղ է, որ գործ ունենք այն օրինաչափության հետ, որ Հայաստանում օրենքները չեն աշխատում։
Հիշեցնենք, որ նախկին իշխանության օրոք «Հարկադիր կատարման մասին» օրենքով՝ չբռնագանձվող գույքի տեսակներում սահմանվեց անձի՝ միակ բնակարան ունենալը։ «Էդ օրենքն ընդունվեց ինչ-որ պոպուլյար խոսքերի ներքո, եւ օրենքը չաշխատեց, որովհետեւ կառավարությամբ սահմանված գույքի գինը սահմանվել է շատ ցածր՝ 10 հազար դոլար, որ այդ օրենքը ոչ մի դեպքի վրա չի տարածվում»,- ասում է փաստաբանը։ Այսինքն՝ քանի որ չբռնագանձվող գույքի՝ միակ բնակարանի արժեքը պետք է համապատասխանի կառավարության սահմանած արժեքին եւ չգերազանցի 10 հազար դոլարը, ապա ստացվում է, որ 10 հազար դոլարից բարձր ամեն բնակարանի վրա այդ բռնագանձումը տարածվում է։ Ինչ վերաբերում է բռանգանձվող բնակարանում անչափահաս երեխաների բնակվելու հանգամանքին, ապա Գեւորգ Գյոզալյանն ասում է՝ դա կապ չունի։
Թե որքան է գնահատվել հարկադիր աճուրդի հանված բնակարանը, ԴԱՀԿ ծառայությունից կպատասխանեն ավելի ուշ։ Հիմա մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցները, իրենց կոկորդիլոսաբուծական ծրագրերը թողած, ձեռուոտ ընկած՝ ամբողջ մարզպետարանով վազում են այրվածքաբանական կենտրոնից Մասիս՝ Մեժլումյանի ընտանիքի երեխաներին շոր ու կոշիկ նվիրելու։ Գոնե Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը երեկ ամբողջ օրն այդ գործի վրա էր ու օրվա երկրորդ կեսից արդեն չէր կարողանում պատասխանել։ Մարզպետարանի լրատվական բաժնից Քրիստինե Պողոսյանն էլ ասաց, թե քանի որ ընտանիքը վտարվել է մարտի 14-ին, դեռ ոչ մեկին չէին դիմել։ Երեկ մարզպետարանը շատ օպերատիվորեն գտել էր ընտանիքին քնելու տեղ տված հարեւաններին, որ նրանք լրատվամիջոցներին վկայություն տան, որ աղջիկն անօթեւան չէր, այդ օրն էր կռվել-գնացել հարեւանի տնից, եւ տեղի էր ունեցել դժբախտ պատահարը։
Ւ դեպ, մի առանձին խնդիր եւս՝ ինչո՞ւ եւ ինչի՞ց կարող էր շարժիչը չմիացրած մեքենան հրդեհվել, ինչի կապակցությամբ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են պատրաստվում։
ՀԳ․ Ինչպես հայտնեցին այրվածքաբանական կենտրոնից՝ երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։