Պարույր Հայրիկյանն այս քարոզարշավի ժամանակ չի արձանագրել վարկանիշի կտրուկ աճ, բայց փոխարենը ունեցել է կայուն աճ: Այս մասին Հայրիկյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ :
Պարույր Հայրիկյանը մեկնաբանելով իր ՍԴ ներկայացրած, ապա ետ վերցրած դիմումը ասաց.« Իրականում ես դիմումը տալու պահին տեղեկացրել էի, որ չեմ բացառում հետ վերցնելը, սակայն ես ծրագրում էի դա անել 3 օրվա ընթացքում: Թղթերը հանձնելուց հետո պարզվեց, որ օրենքով միայն մեկ օր ժամանակ ունեմ»:
Հայրիկյանը նշեց, որ ինքը կանգնած է եղել Հայրիկյան քաղաքական գործչի և Հայրիկյան նախագահի թեկնածուի երկընտրանքի առջև: «Բնականաբար ես ընդհանրական իրավիճակին պետք է տայի նախապատվությունը, քանի որ ահաբեկչությունը կատարված է ոչ թե իմ դեմ, այլ կատարված էր մեր նաև ժողովրդավրության դեմ»,- հայտարարեց նախագահի թեկնածուն և հավելեց, որ ընտրությունները չհետաձգելով նպաստում է, որ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը չմահանա, քանի որ նրա վիճակը Հայրիկյանը ծանր է գնահատում:
Պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե ՍԴ-ից դիմում վերցնելուց առաջ արդյո՞ք հանդիպել է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ և եթե այո, ապա դա ազդե՞լ է որոշում կայացնելու վրա` Հայրիկյանն ասաց.« ՍԴ դիմումը տալուց, ոչ թե վերցնելուց առաջ: Տալուց առաջ Սերժ Սարգսյանն այցելել է ինձ հիվանդանոց, որովհետև բժիշկներն ասում էին «և բուժումը և ապաքինումը և միաժամանակ տարօրինակ բան է կատարվում» : Չգիտեմ , չեմ կարծում, որ ինքը ազնիվ չէր, իսկապես անհանգիստ էր, թե վերջապես ինչ էր կատարվում : Այցելությունը բազմաթիվ այցելություններից մեկն էր, խոսել ենք առողջական վիճակիս մասին: Ծրագրերի կամ քաղաքական որևէ լուրջ հարցի մասին չենք խոսել, ուր մնաց Սահմանադրական դատարան չդիմելու»:
Հայրիկյանը ավելացրեց, որ մինչ հանդիպումը ինքը հրապարակային հայտարարել է ՍԴ դիմելու մասին, սակայն նախագահ Սարգսյանը որևէ բան չի ասել դրա հետ կապված.«Եվ ինքը կարծում եմ ինքն իրեն այնքան է հարգում, որ իմանա, որ Հայրիկյանին որևէ բան չի կարելի խնդրել ի հեճուկս իր ցանկության»,- առանձնացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:


