Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, արդեն երկու օր է՝ ապշած եմ փողոցների անունների լրացման նախագծերի հետ կապված հասարակության մի զանգվածի քննադատություններից, որոնք կարող էին լինել ավելի առարկայական և զերծ հակաքրիստոնեական ու աղանդավոր էլեմենտներից։ Ապշած եմ որոշ քաղաքացիների այս թեմայով առնվազն ոչ տեղին էժանագին ու գռեհիկ հումորներից ու մեկնաբանություններից։ Ապշած եմ հակաեկեղեցական ու հակակրոնական արշավից...
Ընկերներ, ինչո՞ւմն է խնդիրը։ Արդյո՞ք մենք քրիստոնյա ազգ չենք։ Արդյո՞ք մենք քրիստոնեություն չենք դավանում։ Եթե սխալ եմ՝ ուղղեք։
Նույնիսկ աշխարհի ամենաժողովրդավար պետություններում հանդիպում ենք փողոցների, որոնք կրում են այս կամ այն սրբի (saint) անուն (Ֆրանսիա՝ 109, Բելգիա՝ 94, Մալթա՝ 189, Միացյալ Թագավորություն՝ 117...):
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ սա միայն ֆորմալ առումով կարող ենք կոչել «անվանափոխություն», քանի որ, դե ֆակտո, այս գործընթացը ոչ թե անվանափոխություն է, այլ անվան լրացում, ճշգրտում»։