Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրգործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունների կեղծման գործով, ինչի համար ուսումնասիրություն էր սկսել Վահան Շիրխանյանի հայտնի նամակի հիման վրա:
ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հղում է արել վաղեմության ժամկետին, ինչով էլ բացատրել է քրգործ հարուցելու մերժումը: Իսկ քրգործը, ըստ Շիրխանյանի նամակի բովանդակության, պետք է հարուցվեր Ռոբերտ Քոչարյանի դեմ: Միաժամանակ, սակայն, հարուցել քրգործ 1998 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, գործնականում նշանակում էր բացել այսպես ասած՝ Պանդորայի արկղը:
Անհնար էր կանգ առնել միայն Ռոբերտ Քոչարյանի և, ընդ որում, միայն 1998-ի ընտրությունների վրա և դա նշանակելու էր մտնել մի անհատակ ճահիճ, որից դուրս գալը գործնականում լինելու էր անհնար: Ավելին, անգամ եթե ինչ-ինչ ձևերով հնարավոր լիներ մնալ կամ կանգ առնել միայն Քոչարյանի դերակատարության վրա, ապա դա էլ իր հերթին լինելու էր մեկ այլ ծուղակ և հանրային մթնոլորտն ու տրամադրությունները դեգրադացնող հանգամանք:
Ի վերջո անհրաժեշտ է հասկանալ, որ Հայաստանի վիճակի համար իր մեծագույն պատասխանատվությամբ, սխալներով, հնարավոր բազմաթիվ հանցանքներով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանը միակը չէ և նրան արհեստականորեն միակը դարձնելը ամենևին չի բխում հետհեղափոխական Հայաստանի զարգացման շահից ու տրամաբանությունից: Ի վերջո, պատասխանատվության ինստիտուտի որևէ խեղում, անկախ դրա բնույթից և ուղղվածությունից, չի բխում զարգացման տրամաբանությունից և շահից:
Ըստ այդմ, 1998-ի տանող շիրխանյանական քայլն ըստ էության լինելու էր մի գործը, որը կաթվածահար էր անելու մեր իրավական՝ առանց այդ էլ գերծանրաբեռնված համակարգը: Ըստ այդմ, ուղղակի, թե անուղղակի, դա լինելու էր պարզապես Հայաստանի իրավական համակարգի գործունեության դեմ կազմակերպված խոշոր սադրանք, դրանից բխող արդեն իրավա-քաղաքական և անգամ հոգեբանական ասպեկտներով:
Եվ ըստ այդմ, ՀՔԾ կայացրած որոշումը ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական և հոգեբանական կարևոր նշանակություն, և այդպիսով, Հայաստանը չմտավ նախկին իշխող համակարգի տարբեր թևերի միմյանց հետ հարաբերությունների պարզաբանման, հաշիվներ մաքրելու ճահիճը:
Նոր Հայաստանը պետք է հաշիվ պահանջի նախկին համակարգից, անկասկած, բոլոր օրինական, քաղաքական, բարոյական ճանապարհներով ու նշաձողերով, սակայն նոր Հայաստանը չպետք է հայտնվի հին Հայաստանի տարբեր թևերի հաշիվների մեջ, դառնա դրանց խաղաքարտերից մեկը:
Նոր Հայաստանը պետք է բացի «նոր հաշիվ», որտեղ արդեն պետք է կուտակվի բացարձակապես այլ որակի կապիտալ՝ հանրային, քաղաքական, տնտեսական: Այդ համատեքստում, նախկին համակարգի հետ կապված կա առանցքային մեկ խնդիր՝ գծել այն քաղաքական սահմանագիծը, որը խստագույնս կապահովի նոր Հայաստանի անձեռնմխելիությունը հնից: Այստեղ գործիքակազմը կարող է լինել ամենատարբեր՝ ընդհուպ իրավական, սակայն գործնականում դրա առանցքում պետք է լինի մի բան՝ օրակարգի գաղափարական, արժեհամակարգային, հայեցակարգային արդիականացում:
Նյութի աղբյուրը՝ 1in.am