Գայանե Փայտյանի մանկությունը նման չէր մյուսներին։ Եթե հանգստյան օրերին տատիկի ու պապիկի տուն գնալը իրադարձություն էր երեխաների համար, ապա նրա դեպքում հակառակն էր։ Աշխատանքային օրերին ապրում էր տատի ու պապի մոտ` Նորքում, իսկ հանգստյան օրերին գնում էր ծնողների տուն` Շենգավիթ։
Նախորդ դարի 80–ականներին քաղաքի այդ հատվածում կյանքը յուրահատուկ էր։ «Հայրենիք» և «Սևան» կինոթատրոնները, որտեղ անընդհատ հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, երիտասարդների համար ժամանցի միակ վայրերն էին։ Գայանեն ու դասարանցիները ոչ մի նոր ֆիլմ բաց չէին թողնում։ Դերասանների կերպարներն ազդում էին նրանց վրա։
Տղաները փորձում էին էկրանի հերոսների պես հագնվել ու սանրվել` ընդգծված «բախտ»–ով, սպիտակ և ջինսե հագուստով։ Իսկ ֆիլմերի պարզ սյուժեներն արցունքներ էին կորզում աղջիկների աչքերից։ Գայանեն խոստովանում է, որ հարսանիքի օրվա իր անդադար արցունքների պատճառը հաստատ հնդկական կինոյից ստացած մանկական տպավորություններն էին։ «Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ պատմություններին։
m.armeniasputnik.am