Պարզաբանում է  Ազգային Ժողովը.

1in.am էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման կապակցությամբ, որտեղ շոշափվում է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովը որեւէ ապրանք չի գնել «Պլազա Սիստեմս» ՓԲԸ-ից: Մատուցվել է հյուրանոցային ծառայություն:

Հրապարակման մեջ նշված օրերին, հատկապես ապրիլի 24-ի հետ կապված, Հայաստանում են գտնվել օտարերկրացի հյուրեր, միջազգային բազմաթիվ պատվիրակություններ,  այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակություններ, որոնց համար ամրագրվել ու պատվիրվել են հյուրանոցային համարներ: Մասնավորապես  ապրիլի 22-28-ը Հայաստան  են այցելել Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի 16 հոգանոց պատվիրակությունը, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները, Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության անդամները եւ այլք:

 Ազգային ժողովը համագործակցում է «Արմենիա Մարիոթ»,«Գոլդեն Փելես», «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցների հետ: Սակայն ելնելով այդ օրերին Երեւանի հյուրանոցների ծանրաբեռնվածությունից եւ մյուս հյուրանոցներում համարների բացակայությունից, ԱԺ աշխատակազմը եվրոպացի հյուրերին տեղավորել է   «Նացիոնալ» հյուրանոցում, քանի որ հարցված հյուրանոցներից տվյալ ժամանակահատվածում միայն  այնտեղ են  հնարավորություն ունեցել ապահովել հյուրանոցային համարներ: Ընդ որում, այդ ծառայության համար որպես կանխավճար վճարվել է 3,5 մլն դրամ, իսկ վճարված ողջ գումարը կազմել է 5,6 մլն դրամ եւ ոչ թե ավելի քան 9 մլն, ինչպես հիշյալ հրապարակման մեջ, կրկին դրսեւորելով իր միտումնավոր պահվածքը, նշել էր 1in.am-ը: Ի դեպ , ուզում ենք շեշտել, որ սա միակ դեպքն է, երբ Ազգային ժողովի աշխատակազմը օգտվել է  «Նացիոնալ» հյուրանոցի ծառայություններից:

 «Պլազա Սիստեմս»  ընկերությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապելու վերաբերյալ եւս մեկ անգամ ստիպված ենք կրկնել, որ ԱԺ նախագահը բիզնեսով չի զբաղվում:

 Ինչ վերաբերում է հիշյալ հրապարակման մեջ կատարված մեկ այլ՝ ԱԺ նախագահի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի եւ նրա որդու կողմից էժան գնով վառելիք ձեռքբերելու փաստը շահարկելուն, կրկին եւս մեկ անգամ վատ ընկալողների համար կրկնում ենք, որ կառավարության այդ ծրագիրը նախատեսված է բոլոր հողօգտագործողների համար՝ անկախ նրանց ապահովվածության աստիճանից եւ ունեցած հողատարածքների չափից: Այն վերաբերում է ոչ թե անապահով գյուղացիներին վառելանյութով ապահովելուն, այլ՝ պետական աջակցություն  է  հանրապետության  հողօգտագործողներին: Այսինքն, ամեն մեկն էլ հնարավորություն է ունեցել իրեն պետք եղած քանակով շուկայականից էժան գներով վառելիք ձեռք բերել: