«Հրապարակը» գրում է. «Քաղաքապետարանում սպասում են, որ սեպտեմբերին լրանա Արտակ Ալեքսանյանի 25 տարին, որպեսզի կարողանան նրան նշանակել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, քանզի օրենքը թույլ չի տալիս, իսկ ժամանակավոր պաշտոնակատար չեն նշանակել, որովհետեւ «խամ» է:

Ճիշտ է, Փակ շուկայի ապամոնտաժումը, ՀՀԿ-ում սկսված ներթիմային գզվռտոցը Սամվել Ալեքսանյանին ստիպել են մտահոգվել` «աշնանը ով սաղ, ով` մեռած», ու վերջինս փորձում է «նաղդ, հիմա» կարգախոսը կյանքի կոչել, այնուհանդերձ, Մալաթիա-Սեբաստիայում ԺՊ է նշանակվել Սամվել Հարթինյանը, իսկ երիտԱրտակը մասնակցում է Երեւանի ավագանու նիստերին, որ «մանրից» ընտելանա, ինտեգրվի կառավարման կարգ ու բարքին:

Հիշեցնենք, որ 15 տարեկանում պահեստապետ աշխատած Լիմինդրովիչը պատրաստվում է «օկուպացնել» «Մալաթիա-Սեբաստիա&Ապարան» տարածքը` այնտեղ նշանակելով յուրայիններին: Եղբոր որդուն տեղավորելուց հետո նա ձեռնամուխ կլինի մյուս «էրեխեքի»՝ քրոջ որդի Արթուրի եւ դստեր` Հասմիկի ապահով ապագայի կերտմանը:

Արթուրի հարցը հեշտ է, նա պատգամավոր է դառնալու Լիմինդրովիչի փոխարեն: Իսկ այ, Հասմիկի գործը, որն ասում են` ամենախելոքն է բոլորի մեջ, մի քիչ դժվար է. նա հիմա ՀՀ թիվ մեկ «բիզնես-վումընի»` Շողերինայի աջ ձեռքն ու «Սիթի»-ների ցանցի փոխտնօրենն է: Հայրը` Վիկտորը, Լֆիկի փեսան է, ով ոտքի հանեց, ծաղկեցրեց Ալեքսանյանի բիզնեսը, սակայն Սեւանի մայրուղում ավտովթարի ենթարկվեց: Ի դեպ, Հասմիկն ու թաղապետացու Արտակ Ալեքսանյանի կինը` Բելաջիոյի դուստր Լենան, համակուրսեցիներ են: