Վրացի հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին՝ նշել, որ այսօր սգում է բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։
«Ես կիսով չափ հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայր, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով, եւ ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաեւ իմ անձնական ցավն է»,- գրել է Կանդելակին:
Ըստ Թինայի՝ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ նմանատիպ դաժանության կրկնությունը:
«Պատմությունը աներեւակայելի դաժանության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք, կարեւոր է, որ արդարացի գնահատական ստանան ոչ միայն անմեղ տուժած մարդկանց սերունդների կողմից: Այսօր ես սգում եմ հարազատների, ազգականների, ընկերների եւ բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը»,- գրել է հաղորդավարուհին։
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com