Գերմանիայում արթնացել է 27 տարի կոմայի մեջ գտնվող կինը: Կնոջ գիտակցությունն ամբողջովին վերականգնվել է:
Մունիրա Աբդուլան կոմայի մեջ է ընկել 1991 թվականին՝ ԱՄԷ-ի Ալ-Այն քաղաքում: Նրա մեքենային է բախվել դպրոցական ավտոբուսը, որի մեջ է եղել նաև նրա որդին: Մայրը որդուն իր մարմնով փակել է ու փրկել, իսկ ինքը գլխուղեղի վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Լոնդոն, որտեղ ախտորոշել են նվազագույն գիտակցություն՝ կոմայի նման վիճակ, որի ժամանակ պահպանվում է ցավի հանդեպ ընկալունակությունը:
Ավելի ուշ կնոջը ետ են բերել ԱՄԷ, որտեղ երկար ու ձիգ տարիներ կերակրել են խողովակով ու անցկացրել ֆիզիոթերապիա:
2017 թվականին ԱՄԷ-ի ժառանգորդ արքայազն Մոհամեդ բեն Զահիդն իմացել է ընտանիքի ծանր դրության մասին և գումար վճարել՝ կնոջը Գերմանիա տանելու համար: Մեկ տարի անց Մունիրան սկսել է ձայներ արտաբերել, իսկ մի քանի օր անց արթնացել է ու առաջինը որդու անունը տվել:
Այժմ Մունիրան վերադարձել է հայրենիք ու շարունակում է վերականգնվել: Նրան ֆիզիոթերապիա է անհրաժեշտ՝ մկանների ատրոֆիան բուժելու համար: