Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Նախորդ տարի ապրիլի 24-ին, բոլորս միասին՝ ուս-ուսի տված, և ամենակարևորը՝ հաղթանակած քայլում էինք դեպի Ծիծեռնակաբերդ։ Առաջին շարքում էր Դավիթ Սանասարյանը։ Ցավում եմ, որ այսօր մենք ունեցանք այլ պատկեր. Դավիթ Սանասարյանն այսօր, հեղափոխական թիմից առանձին է այցելել Ծիծեռնակաբերդ։
Իմ ու Դավիթի ընկերությունը՝ հիմնականում նեղ օրերի ընկերություն է։ Նեղ օրեր, որոնք լցրել ենք՝ հանուն ազատ ու անկախ երկիր ունենալու, արդար ու ազնիվ հասարակություն ունենալու պայքարի մոլուցքով։ Թեժ քննարկումներ ու բանավեճեր ենք ունեցել, որոնք էլ՛ ավելի են ամրապնդել մեր ընկերությունը։ Վիճել ենք անգամ թավշյա հեղափոխության օրերին…
Ես չեմ կարող հավատալ այն մեղադրանքներին, որոնք ուղղված են դեպի Դավիթը։ Ես չե՛մ հավատում, որ Դավիթը թաթախվել է կոռուպցիոն գործարքների մեջ։
Իսկ ինչ վերաբերվում է《ախպերական》 մտածելակերպին։ Սա իրականում եղբայրության գաղափարն է, որը աշխարհի բոլոր առաջադեմ և հզոր պետությունների ճակատին է գրված՝ որպես բարձր բարոյականության ցուցիչ։ Դա միայն ԽՍՀՄ-ում էր կեղծ և ձևական։ Եղբայրության բացակայության արդյունքն էլ այն էր, որ, երբ 1937 թվին, միլիոնավոր անմեղ մարդկանց էին աքսորում և գնդակահարում, նրանց ճանաչողները, ընկերներն ու բարեկամները, ոչ միայն աջակցության խոսք չէին ասում, այլ նաև մասնակիցն էին դառնում՝ կեղծ և զրպարտիչ մեղադրանքներին՝ որպես վկայություն տվողներ։
Ես չեմ կարծում, որ մենք պետք է կառուցենք 1937 թվի արժեհամակարգով և սկզբունքներով Հայաստան, որտեղ բոլորը համատարած պետք է լռեն, և հատկապես այն մարդիկ, ովքեր չեն հավատում Դավիթին ներկայացված մեղադրանքի իսկությանը։ Մանավանդ, որ ընթացող քննությունն ամեն բան հանելու է ջրի երես։
Հիմա կոչս.
Դիմում եմ բոլորին, ովքեր հավատում են Դավիթ Սանասարյանին։ Ազատորեն արտահայտե՛ք ձեր մտքերը՝ առանց վախենալու՝ սխալվելու մտքից։ Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ ունի սխալվելու իրավունք։ Այս եզրույթը դաջված է դեմոկրատական, հզոր երկրներում։
#ազնվություն