ՔԱՌԱՍՈՒՆ ԳԼԽԱՆԻ ՎԻՇԱՊԸ
(նորօրյա հեքիաթ)
Ժուկով ժամանակով Աղվանքի կողմերից հնագույն երկիր Նաիրի եկավ քառասուն գլխանի վիշապը, նստեց այդ երկրի բնակչությանը կյանք բերող ճանապարհի խաչմերուկում և վիշապիկներին հավաքեց ժողովի.
-Գնացեք, քարոզեք այս երկրի ընտրողներին, որ ես եմ կարգվելու այս երկրին թագավոր, և թող ոչ մեկը չփորձի արդար ընտրություն պահանջել` իմ օրոք ընտրության ամբողջ իմաստը պիտի լինի կեղծիքը, կաշառքը, բռնությունը:
Նրանք, ովքեր փորձեն իմ դեմ դուրս գալ, պետք է կալանավորվեն ու բանտ նետվեն: Իմ շուրջը հավաքեք դատավորներ, որոնք սովոր լինեն ինձ չուզողների դեմ ոչնչից գործ սարքել, և վերջիններիս հասանելիքը թող լինի կաշառքը, որ պիտի վերցնեն մեղավորներից և դատեն անմեղներին: Հիմա այստեղ բերեք այս երկրի մեծահարուստներին:
Այս վերջին խոսքի վրա վիշապիկները բերեցին մեծահարուստին, և նրանց միջև կայացավ հետևյալ երկխոսությունը.
-Ճիշտ չի լինի, որ դու առանց ինձ վայելես քո հարստությունը,-ասաց ինքնագլուխ թագավոր դարձած վիշապը:
-Գիտեմ, տեր իմ, դրա համար ես քեզ նվեր եմ բերել ոսկեձույլ վագր:
-Հրեաների օրինակը լավ ես յուրացրել. նրանք իրենց Եսայի մարգարեի պատվին ոսկե հորթ էին ձուլել:
-Ես էլ կարող էի ոսկուց հորթ ձուլել, իմ տեր,-գլուխ խոնարհելով` ասաց մեծահարուստը,-բայց ձեր մեծությանը սազական է վագրը:
-Դու ճիշտ ես վարվել, հիմա գնա և մի կուսակցություն ստեղծիր, և քո հետևից կգան սեփականաշնորհման արդյունքում գործազուրկ դարձած ու թշվառության դուռը հասած նախկին բանվորներն ու գյուղացիները: Դու գրոշներ բաժանիր նրանց և, որպես բարերար, հարկեր չմուծես պետութանը: Դրանով քո հարստությունը, այսինքն` մեր հարստությունը, ավելացրու:
Մեծահարուստը խոնարհ գլուխ տվեց ու հեռացավ:
Քառասուն գլխանի վիշապն այդ հնագույն երկիր Նաիրիում թալանեց այն ամենն, ինչ հնարավոր էր թալանել, հսկայական հարստություն դիզեց ու, երբ արդեն այդ երկրի Մայր օրենքով ստիպված էր իր տեղը զիջել, մռնչաց նրանց վրա, ովքեր ուզում էին իր տեղը օրինական ճանապարհով գրավել, և նրա այդ մռնչոցից կրակներ արձակվեցին, արյուն հեղվեց, և այդ արյան վրայով վիշապի տեղը գրավեց իր ուզած մյուս վիշապը:
Մեծահարուստը մի նոր ոսկեձույլ վագր էլ նվեր բերեց այս նոր վիշապին, որ վերջինս բարի աչքով նայի իր գործերին:
Անցավ ևս 10 տարի, այս վիշապը չուզեց երկրի Մայր օրենքին ենթարկվել ու իր վիշապիկներին կարգադրեց այնպիսի Մայր օրենք գրել, որ ինքը շարունակի իր տեղում մնալ:
Սակայն Բնությունը փոթորկվեց, որ իր բնական օրենքներին միջամտում են, կատաղեց, պտտահողմեր բերեց նրա գլխին ու դուրս շպրտեց խաչմերուկից:
Վիշապիկները սարսափահար եղան, թե հիմա իրենց կեղտոտ գործերը ո»վ պիտի մաքուր գործի տեղ ընդունի, ո»վ պիտի պահպանի իրենց: Եվ երբ Բնության հուժկու պտտահողմը ԷՆ ՄԵԾ վիշապի Բնության օրենքներով պատասխանատվության կանչեց, կատաղությունից վերջինիս բերանը ձռվեց, ու անունը մնաց ծուռբերան: Այդ ծուռ բերանը աշխարհին` էն ռուսաստաններից ու աղվանքի երկրներից, մարդիկ մեջտեղ գցեց, իր նախկին վիշապիկներին ոսկով գնեց, հայհոյանքներով սարսափեցրեց և… ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ խուսափեց պատժից:
…Հեքիաթը շարունակելի է:
Հ.Գ. Բացատրական բառարան – Ալերգիա` առաջանում է, երբ ծուռ բերանի ֆոտոն հայտնվում է համացանցում:
Ֆեյսբուք՝ Ալիս Սողոմոնյան